Լրահոս
Օրվա լրահոսը

Հետո չասեք, թե մենք քնած, թուրքը գող-գող, էկավ, գնաց…

Ապրիլ 07,2023 13:30

Ականջդ կանչի՝ 1988թ.-ի հայ ժողովուրդ

1988թ.-ից սկսած ԽՍՀՄ-ը շատ թուլացած էր եւ համարյա հայտնվել էր քայքայման եզրին: Նույն թվականի փետրվարի 20-ին Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում սկիզբ առավ աննախադեպ ժողովրդական մի շարժում, որը եւ որակապես, եւ քանակապես իսկական մի փոթորիկ էր, որն ալեկոծեց ողջ Խորհրդային Միությունը: Դա լրիվ յուրահատուկ քայլ էր խորհրդային իրականության մեջ եւ անգամ մայրաքաղաք Մոսկվան էր շփոթմունքի մեջ ու չէր կողմնորոշվում, թե ինչպիսի լուծում տալ դրան: Առաջին անգամ էր Խորհրդային Միությունը կանգնում նման իրադրության առջեւ: Հայ ժողովրդի ներսում գլուխ էր բարձրացրել ազգային ազատագրական պայքարի ինստինկտը եւ այն այնքան թափ էր առել, որ դժվար էր նրան դիմակայելն ու կառավարելը: Ժողովրդի ներսում ավելի շատ գլուխ էր բարձրացրել կորցրած պետականության վերականգնման եւ Լեռային Ղարաբաղի՝ Հայաստանին վերամիավորման հարցերը:

Աշխարհասփյուռ, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հայությունն այնքան էր ոգեւորված, որ անհնարին էր դրա դեմն առնել ու չնայած այն ժամանակվա ԽՍՀՄ ղեկավար՝ անդեմք Գորբաչովն ամեն կերպ փորձում էր վիժեցնել այդ շարժումը՝ նախ դրա տարածման վտանգը ԽՍՀՄ մյուս հանրապետություններում կանխելու համար, երկրորդ՝ նա արդեն ծախվել էր Արեւմուտքին՝ ԽՍՀՄ-ը քանդելու եւ փլուզելու համար: Ինչեւէ, մեր շարժումն անսասան էր ու այն հաղթեց, եւ գումարվելով մյուս հանրապետություններում եւս սկսված ազգային շարժումներին, 1992թ.-ին փլուզվեց ԽՍՀՄ կայսրությունը: Բնական է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում էր, որպեսզի կանխի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մեր ցանկությունը, սակայն մեր ժողովրդի ցասումն ու ցանկությունն այնքան մեծ էր, որ շարունակեց պատվով տանել այդ նպատակի իրականացումը, որը բերեց հայ-ադրբեջանական պատերազմի:

Մեծ նպատակը՝ մեծ զոհողություններ ու մեծ նվիրում է պահանջում, որը մեծ պատվով իրականացրեց փառապանծ հայ ժողովուրդը: Փաստացի՝ 1988-1994թթ. տեւած Հայաստան, Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան պատերազմում հաղթեց հայ ժողովուրդը եւ համարյա հիմնականում ազատագրեց Լեռնային Ղարաբաղի տարածքները, Ադրբեջանին ենթարկեց կապիտուլյացիայի ու հռչակեց այնքան երազած Արցախի անկախ հանրապետությունը: Դա շատ դժվարությամբ տրվեց հայ ժողովրդին եւ շատ ծանր նստեց հայ ժողովրդի վրա՝ տվեցինք տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, սակայն այդքանով հանդերձ, մեր ժողովուրդը չափազանց ուրախ էր եւ ոգեւորված, քանզի վերջապես ազատագրել էինք մեր սուրբ Արցախը, իսկ հանգամանքները տանում էին ԽՍՀՄ փլուզմանն ու նորանկախ Հայաստան պետության ու պետականության կազմավորմանը, որը երկար տարիների մեր մեծագույն երազանքն էր:

Մեր ժողովուրդն իր հզոր ինստինկտով 1988թ.-ին ճիշտ որսաց պահը եւ ճշգրտորեն կառուցեց իր պայքարի հետագիծը, որն ի վերջո ավարտվեց մեր մեծագույն հաղթանակով: Այդ ժամանակ ունեինք բացարձակ միասնական եւ նպատակասլաց, հզոր ժողովուրդ, որն իր մեծագույն կամքի ու հերոսության շնորհիվ հաղթանակ տարավ այդ պատերազմում՝ դնելով հայ ժողովրդի հաղթարշավի հիմնաքարը: Ամբողջ աշխարհը՝ բացի Թուրքիայից եւ մի երկու այլ մուսուլմանական երկրներից, սկսեցին էլ ավելի հարգել մեզ եւ անգամ այն պարագայում, որ Արցախի Հանրապետությունը չուներ միջազգային ճանաչում, տարբեր երկրների մակարդակով սկսեցին լրջորեն՝ երբեմն նաեւ պետական մակարդակով, հարաբերվել Արցախի Հանրապետության հետ, որը հետագայում՝ աստիճանաբար մեծ թափ էր առնում, ընդգրկելով ավելի շատ երկրների: Ադրբեջանը նախանձից մեռնում էր եւ ամեն կերպ փորձում էր դրա դեմն առնել, քանզի դա կամաց-կամաց մոտեցնում էր Արցախի մջազգային ճանաչմանը: Արդյունքում, ունեցանք երկու հայկական պետություն, որից ավելի մեծ արդյունք հնարավոր չէր երազել …

Հաճախ է պատահում, որ չափից մեծ ուրախությունը՝ ոգեւորվածությունը տանում է հանգստության ու հետագա իրավիճակի սխալ գնահատման եւ այլ՝ տարաբնույթ ճակատագրական սխալներ թույլ տալու, որոնք, ցավոք, տվյալ պահերին այնքան էլ չեն երեւում: Հենց նմանատիպ իրավիճակ ստեղծվեց հայկական երկու պետությունների պարագայում, երբ 1994թ. հաղթանակից հետո մենք կարծես լրիվ հանգստացանք ու պարզ բան չհասկացանք. հաղթանակից հետո ոչ թե պետք է հանգստանայինք, այլեւ պետք է փորձեինք նրա արդյունքներն էլ ավելի ամրապնդել ու էլ ավելի զարգացնել ձեռք բերածը: Անգամ, լիովին մոռացանք Արցախի եւ Հայաստանի անվտանգության ապահովման ու բանակաշինության վերազինման հարցերը եւ այն էլ այն դեպքում, երբ ստացվող տեղեկատվությունը մշտապես ասում էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան սարսափելի ինտենսիվությամբ՝ գիշեր-ցերեկ, ուժեղացնում ու վերազինում են իրենց բանակը եւ անվտանգության համակարգերը, որոնք էլ փաստացի՝ հետագայում դարձան 2020թ. 44-օրյա արցախյան պատերազմում մեր նվաստացուցիչ պարտության հիմնական պատճառը …

Այսօր Արցախն ու Հայաստանը կանգնած են ողբերգական վիճակի առջեւ, քանզի այդ պատերազմից մինչ այսօր՝ մենք շարունակաբար տարածքներ ենք զիջում Ադրբեջանին, տալով բավականին նոր զոհեր ու վիրավորներ: Մեր ժողովուրդը լրիվ ապատիայի մեջ է՝ անտարբեր, շշմած եւ անգամ Արցախին ու Հայաստանին ուղղված մեծ սպառնալիքներին՝ ազդակներ չի տալիս, կարծես դա բնավ էլ մեզ ուղղված չէ: Մեր ժողովուրդը կարծես լեթարգիական քնի մեջ լինի, ոչ մի քայլ չի ձեռնարկում, այն էլ այն պարագայում, երբ պաշտոնական Երեւանն արդեն տվել է իր համաձայնությունն առ այն, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն էլ նրա կազմում: Ավելին, մեր ժողովուրդը դարձյալ ոչ մի քայլ չի անում նաեւ այն պարագայում, երբ մեր լուռ համաձայնությամբ՝ Ադրբեջանն անարգել առաջ է գալիս եւ առանց դիմադրության՝ մաս-մաս վերցնում Հայաստանի տարածքները: Փաստացի, այս իրավիճակին շատ հանգիստ են վերաբերվում եւ ժողովուրդը, եւ Հայաստանի իշխանությունները, որոնք հավանաբար «խաղաղության դարաշրջանի» հաստատումն այս կերպ են պատկերացնում …

Փաստացի, սա մեր հայրենիքի կորուստն է, որին եւ ժողովուրդը, եւ իշխանությունը գնում են կամովին:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անհավատալի բան է, բայց փաստ է:

  2. Լավրենտ Խաչատրյան says:

    Ամենահեշտը փաստերի արձանագրումն է,
    Լուծումներ են պետք

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930