Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ստեղծում եմ շերտեր՝ մտածելու համար». Արշակ Սարգսյան

Ապրիլ 07,2023 13:00

Փետրվարի 15-ից մարտի 5-ը Վենետիկի Palzzo Pisani- Revedin  արվեստի կենտրոնում  կայացավ  Արշակ Սարգսյանի  «Երազ երազի մեջ» խորագրով  ցուցահանդեսը, որ հնարավոր եղավ կյանքի կոչել  «Անտիկյան»  ցուցասրահի նախաձեռնությամբ, Վենետիկի քաղաքապետարանի եւ Վենետիկում Հայաստանի հյուպատոսության գործուն մասնակցությամբ։ Արշակ Սարգսյանի ցուցահանդեսն ուղղակի իրադարձություն էր: Մինչեւ վերջերս նրա «երեւակայական հոգիների դիմակները» ամբողջացրել էին  վենետիկյան տոնահանդեսի խորհուրդը եւ  դիտողին պարգեւել «Երազ երազի մեջ»:  Արշակն իր գեղարվեստական գործունեությունը սկսել է շատ երիտասարդ տարիքում՝ դասական աշխարհի ոգին համադրելով ժամանակակից տարրերի հետ եւ ստեղծելով սյուրռեալիստական կերպարներ՝ իրականության եւ երեւակայության միջեւ: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա իր ուրույն ու անքակտելի  տեղն ունի հայ ժամանակակից արվեստում: Վենետիկյան արվեստասերներին «Անտիկյան» ցուցասրահը ներկայացրել էր  արվեստագետի` երազի եւ երեւակայության միջեւ ապրող  գեղանկարների, գծանկարների հարուստ ընտրանի,  նաեւ հատուկ կառնավալին նվիրված ինստալացիա եւ պերֆորմանս։
«Երբ սկսեցինք Արշակ Սարգսյանի վենետիկյան ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները` մտածում էինք, որ  այն իր գունային ու բովանդակային ընդգրկումով ներդաշնակորեն կմիաձուլվի տարվա ամենագունեղ ու հնչեղ տոնակատարությանը, կավելացնի նոր գույն … Եվ իսկապես արդյունքը գերազանցեց  մեր սպասելիքները»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր Արմինե Անտիկյանը։

Ըստ նրա, կարող են արձանագրել, որ ցուցահանդեսը սիրվեց քաղաքի հյուրերի եւ կառնավալի հերոսների կողմից, ու այցելուներն այնտեղ գտան իրենց  երազը «Ես սիրում եմ Արշակի արվեստը, իսկ Վենետիկում զգացի, թե նրա գործերն ինչ  համահունչ են եղած տրամադրության հետ, որովհետեւ այն երեւակայական կերպարները, որ Արշակը ստեղծում է, Վենետիկում քայլում էին փողոցներում: Իրենք գալիս նկարվում  էին Արշակի արվեստի հետ, ու դու տեսնում էիր, թե ոնց են միաձուլվում, ինչ ներդաշնակ է այդ ամենը, ինչը Արշակը ենթագիտակցորեն արել է տարիներ շարունակ… Վենետիկը տեղով երազ է, ու Արշակի ստեղծածն էլ մի քիչ իրական է, մի քիչ անիրական, այսինքն՝ երազի հետ է կապված: Այստեղից էլ ցուցահանդեսի խորագիրը»։

Արշակ Սարգսյանի ձեւակերպմամբ, իր ցուցահանդեսը նախ յուրահատուկ էր նրանով, որ Վենետիկում էր  կայանում եւ կառնավալի շրջանակներում. «Վենետիկում շատ եմ ունեցել ցուցահանդեսներ, բայց այս մեկն, իսկապես, առանձնահատուկ էր»:

Ինչ վերաբերում է «Երազ երազի մեջ» խորագրին, նկարիչն ասում է, որ դա ընդհանրական վերնագիր է. «Գործերը բազմազան են՝ եւ թեմաների, եւ նյութի առումով, բայց քանի որ Վենետիկը հեքիաթային քաղաք է, ու այդ ցուցահանդեսում ներկայացած գործերի բովանդակությունն էլ հեքիաթային էր, դրա համար այդ վերնագիրն ընտրվեց»:
Ինչպես արդեն նշվեց, Արշակ Սարգսյանն Իտալիայում էլի է ունեցել ցուցահանդեսներ, դրա համար հետաքրքրվեցինք՝ Իտալիան իբրեւ ցուցահանդեսային միջավայր՝ իր ընկալմամբ ինչպիսի՞ն է: Նկարիչը եւս նշեց, որ Իտալիայում մի  քանի ցուցահանդես է ունեցել, այդ թվում՝ 2022թ. «Հրեշտակներ եւ դեւեր»-ը՝ Աոստա քաղաքի Սեն-Բենին կենտրոնում, կուրատորն էլ` Դոմինիկ Լորան էր, որ արդեն երկրորդ անգամ էր ներկայացնում տաղանդավոր հայ երիտասարդ  նկարչին Իտալիայում: Առաջին ցուցահանդեսը  2020-ին էր՝ Արիչիա քաղաքում, ու թեեւ քովիդի շրջան էր, եւ այդ պատճառով այցելուների թիվը մեծ չէր, բայց բծախնդիր իտալացիների կողմից ջերմությամբ էր ընդունվել:

Սեն-Բենին ցուցահանդեսային կենտրոնի մասին խոսելիս, Արշակն ասում է, որ դա Իտալիայի կարեւոր թանգարաններից է, իր ցուցահանդեսի 6000 տոմս էր վաճառվել, 3000  կատալոգ:

«Իսկ այս անգամ Արմինե Անտիկյանն առաջարկեց ցուցահանդեսն իրականացնել Վենետիկի սրտում՝ Palazzo Pisani Revedin-ում»,-հավելեց նկարիչը:

Արմինե Անտիկյանի խոսքով, սովորաբար օտարերկրյա ցուցադրությունների պարագայում  աջակցությունները լինում են հյուպատոսարանների, դեսպանատների մակարդակով, սակայն Արշակի ցուցահանդեսի գաղափարը սիրվել եւ ընդունվել է նախ Վենետիկի քաղաքապետարանի կողմից, դրանից հետո դիմել են ՀՀ պատվո հյուպատոսությանը եւ ստացել աջակցություն:  Ցուցահանդեսը լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլում:

Արշակ Սարգսյանի ձեւակերպմամբ. «Մենք Վենետիկում օտար մեկը չենք, իմ նկարչությունն իրենց համար հարազատ էր, իրենք շատ գնահատում են մի բան, որ ընկալում են, եւ  իրենք մի քանի սերնդով են  ընկալում, թե դու որտեղից ես գալիս»:

Արմինե Անտիկյանը հավելում է, որ Իտալիայում Արշակի արվեստը  կարեւորվել է հնի ու ժամանակակցի համադրման համատեքստում:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձանք նկարչի երեւակայական կերպարներին: Արշակ Սարգսյանն ասաց, որ իր նկարչությունը յուրատեսակ երկխոսություն է. «Մարդը նայում է, եթե իրեն հոգեհարազատ է, երկխոսությունը շարունակվում է, ասես վավերագրական ֆիլմ լինի: Ես ստեղծում եմ շերտեր՝  մտածելու համար: Իմ նկարչությունը հատուկ է իր չավարտունությամբ, ամեն ինչ ընթացքի մեջ է, ինձ համար դա որպես կոնցեպտ իմ արվեստում գոյություն ունի: Ոնց որ թիթեռը միկրոսկոպով նայելիս ուրիշ պատկեր է լինում, մինչդեռ իրականում թիթեռն այլ տեսք ունի, այդպես էլ իմ արվեստն է: Այն  շերտ առ շերտ հավաքվում է ու ստացվում է այն, ինչ գոյություն ունի: Այդ միկրոսկոպի տեսարանն իմ աչքը տեսնում է, որը իմ նկարչության մեջ եմ ցույց տալիս… Իրականում ես հատուկ մեսիջ չունեմ ինչ-որ բան նշելու կամ հերքելու, իմ ավեստում նաեւ շատ հումոր կա»:

Արշակ Սարգսյանի խոսքով. «Այս կյանքը բանալ է… Եվ եթե դու ուզում ես կենտրոնանալ, պետք է բլոկավորես շատ բաներ… եթե արվեստագետը էգոիստ չէ, չի կարող արվեստով զբաղվել, որովհետեւ քո էգոյի շնորհիվ ես կարողանում ինչ-որ բան ստեղծել»: Մեր դիտարկմանը՝ թեեւ ասում է կյանքը բանալ է, բայց իր արվեստում ամեն ինչ վառ է, հեքիաթային, Արշակ Սարգսյանն այսպես է արձագանքում. «Կյանքում հետաքրքիր ապրող շատ մարդիկ կան… Ամեն ինչ քո մեջ է ձեւավորվում, նայած ինչի ես ձգտում, ինչի մասին երազում: Օրինակ, ես երազում եմ, որ այս երկրում պատերազմ չլինի, ուրիշ երազանք չունեմ: Իսկ այն, ինչ կա իմ արվեստում, փոքր բան է, ես մեծ բան չեմ անում, չեմ գնում Յուպիտեր ու հետ գալիս, երկրագնդի վրա մի նոր մատրիցա չեմ ստեղծում… Ավելի շատ մտածում եմ մեծ իդեաների մասին, որովհետեւ կան մեծ իդեաներ ու շատ անձնական բաներ… Իմ լավ զգալը շատ հարաբերական է, կարող եմ ջուր խմել ու դրանից լավ զգալ,  բայց դա միայն  ինձ է վերաբերվում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է «Անտիկյան» ցուցասրահը:

«Առավոտ» օրաթերթ
06.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930