Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ թեկնածուների «գործով» Իոաննիսյանը հղում կատարեց ՍԴՈ 997 որոշմանը, ի՞նչ որոշում էր դա

Ապրիլ 07,2023 14:00

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին մեկ օր առաջ ներկայացան ՄԻՊ թեկնածուները՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված Էդգար Ղազարյանը եւ ՔՊ-ից առաջադրված Անահիտ Մանասյանը:

Ուղիղ եթերով շատերը տեսան, թե ինչ կատարվեց հանձնաժողովում, թե ինչպես իշխող կուսակցության ՔՊ պատգամավորները փորձեցին ստվերել թեկնածուներից մեկին, թույլ տալով վիրավորական արտահայտություններ, այդպիսով, ըստ էության, թույլ չտալով, որպեսզի նա ներկայացնի ամբողջական իր խոսքը: Նրանք մեղադրեցին Էդգար Ղազարյանին, թե նա իր խոսքում «հանցավոր ռեժիմ» եւ այլ բառերով վիրավորել է իրենց: Ինչեւէ, անցավ նրանց առաջադրված թեկնածուն, նորանշանակ դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը եւ հանձնաժողովը կներկայացնի նրան ԱԺ հաստատմանը:

Հանձնաժողովում կատարվածից հետո իրավաբանները, իրավապաշտպանները, գործընկերներս իրենց գնահատականներն էին հնչեցնում, իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դ. Իոաննիսյանն այս կապակցությամբ սոցիալական ցանցում գրառում արեց. «Բայց ես չեմ կարող չասել, որ Ազգային ժողովում ելույթ ունեցող ցանկացած անձ իրավունք ունի հայտարարելու, որ «ռեժիմը հանցագործ է» կամ որ «խորհրդարանը ղեկավարում են խուլիգանները»։ Դրանք քաղաքական գնահատականներ են եւ անկախ դրանց հետ համաձայն լինելու կամ չլինելու հանգամանքից, որեւէ մեկը չի կարող արգելել ՄԻՊ թեկնածուին նման կարծիքներ արտահայտել»: Նա հղում կատարեց ՍԴՈ 997 որոշմանը: Ի՞նչ որոշում է դա:

Այդ որոշումը վերաբերում է գրավոր ընթացակարգով քննած «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործին:

Այն պաշտոնապես հրապարակվեց 2021 թվականի հոկտեմբերի 12-ին:

2021 թվականի ապրիլի 15-ին ՍԴ դիմած Հանրապետության նախագահը գտնում է, որ թեպետ Սահմանադրության 42-րդ հոդվածով ամրագրված են կարծիքի արտահայտման ազատությունը եւ դրա սահմանափակման շրջանակները, միեւնույն ժամանակ, Սահմանադրությամբ նախատեսված են որոշ լրացուցիչ պարտադիր կումուլյատիվ պայմաններ՝ կարծիքի արտահայտման ազատության իրավունքի սահմանափակումներ նախատեսելու մասով: Մասնավորապես, կարծիքի արտահայտման ազատության օրենքով նախատեսված յուրաքանչյուր իրավաչափ սահմանափակում պետք է համապատասխանի Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքին եւ 79-րդ հոդվածով նախատեսված որոշակիության սկզբունքին:

Ըստ դիմողի՝ յուրաքանչյուր անձի կողմից իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ամրագրված է նաեւ մի շարք ունիվերսալ եւ տարածաշրջանային միջազգային փաստաթղթերում՝ մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձեւի համաձայն ընդունված՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածով, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածով, ինչպես նաեւ՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածով:

Դիմողը նշել էր, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ դեռ 2007 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունած թիվ 1577(2007) բանաձեւի կարեւոր շեշտադրումներից էր այն, որ զրպարտության եւ վիրավորանքի համար նախատեսվող փոխհատուցման չափերը պետք է լինեն համաչափ, որպեսզի դրա կիրառման արդյունքում չվտանգեն զանգվածային լրատվության միջոցի բնականոն գործունեությունը, քանի որ արդյունքում կարող է լրջորեն վտանգվել արտահայտվելու ազատությունը:

Պատասխանողը՝ Ազգային ժողովը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի որոշումները, գտնում է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով հետապնդվող նպատակ է համարում այն, որ նորմը կոչված է երաշխավորելու խոսքի ազատության անիրավաչափ չարաշահման դրսեւորումների դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը, ինչպես նաեւ՝ այն դատարաններին պարտավորեցնում է դատական քննության շրջանակներում հաշվի առնել արարքի կատարման հանգամանքները, եղանակը, վիրավորող անձի գույքային դրությունը, արարքի արդյունքում հասցված վնասի բնույթն ու չափը:

Սահմանադրության կարգավորումների համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ «Սահմանադրությունը, մարդուն ճանաչելով բարձրագույն արժեք՝ կանխորոշել է պետության պարտականությունը՝ հարգել, ապահովել եւ պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները (հոդվ. 3): Այս հիմնարար սկզբունքի հետ անխզելիորեն կապված է մարդու արժանապատվության անօտարելի լինելու սկզբունքը»: Բացի դրանից, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրացման շրջանակը որոշելու նպատակով որոշիչ նշանակություն ունի նաեւ անձի պատվի եւ համբավի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը (Սահմանադրության հոդվ. 31, մաս 1): Այսինքն, մարդու արժանապատվության, պատվի եւ բարի համբավի պաշտպանության անհրաժեշտությունը՝ կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրականացման բովանդակային սահման է։ Վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունը` անկախ դրա բնույթից ու չափից, հանդիսանում է միջամտություն անձի արտահայտվելու ազատությանը:

Այս որոշմամբ խոսք էր գնացել նաեւ փոխհատուցման չափի մասին, ՍԴ հարցադրումը հետեւյալն էր. արդյո՞ք կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրացման արդյունքում մարդու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման առավելագույն չափի բարձրացումը կարծիքի ազատ արտահայտման իրավունքին միջամտության առումով համապատասխանում է որոշակիության եւ համաչափության սահմանադրական պահանջներին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Հանձնաժողովի նիստից հետո ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը չթաքցրեց, որ կհետեւեն իրավական գործընթացներ, չի բացառվում, որ կրկին ու կրկին հիշեցվի ՍԴ այս որոշման մասին:

«Առավոտ» օրաթերթ
06.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930