Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում քաղաքական կյանքը մահացել է

Ապրիլ 07,2023 12:00

Իշխող քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին թվում է, թե ինչով իրենք զբաղվում են` դա քաղաքականություն է

Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց լինելու մասին պարբերաբար հայտարարող Ադրբեջանը բացահայտորեն արգելում է արցախցիների մուտքը իրենց բնակավայր:

Հանրությունը, մամուլը, փորձագետները բարձրաձայնում են ալիեւյան ռեժիմի սանձարձակությունների մասին, միջազգային հանրության կոչերի եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու նրա պահվածքն են մատնանշում: Ալիեւի իշխանությունը օգտվելով անպատժելիությունից, անգամ բացահայտ արհամարհելով ռուս խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախում, ըստ ամենայնի, շուտով արդեն ոչ կհամագործակցի ռուս խաղաղապահների հետ, ոչ էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ թողել են ռուսների ուսերին, որոնք էլ զբաղված են փաստերի արձանագրությամբ, ուղեկցում են արցախցիներին, հումանիտար խնդիրներ են լուծում:

Այս վիճակում` ի՞նչ դիսկուրս է հայաստանյան քաղաքական դաշտում… Հայոց խորհրդարանում քաղաքական մեծամասնությանը հանձնարարված է «պահել շեֆին» ու իշխանությանը: Կամ, եթե հանձնարարված էլ չէ` իշխանական պատգամավորները ինքնամոռաց քծնելու մոլուցքով` իրենց վարքագծով ապացուցում են, որ քաղաքականության հետ կապ չունեն, չգիտեն` ինչ է պետությունը, ինչ է պետության բարձրագույն օրենսդիր մարմինը: Ու որերորդ անգամ պարզվում է, որ իշխող խորհրդարանականները տարրական էթիկայի կանոններին չեն տիրապետում, դաստիարակության պակաս ունեն:

Այստեղ նույնիսկ կարեւոր չէ հարցը, թե որքան արդյունավետ է ընդդիմության գործունեությունը: Իշխող կուսակցությունը, որպես երկրում ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատու` չգիտի, որ պարտավոր է լսել դիմացինին, իրեն ուղղված քննադատությանը պատասխանել փաստերով, այլ ոչ թե` «տղայական» ճղճղոցով, հայհոյանքներով, աքացիներով:

Գործող իշխանությունը, կարծես, հատուկ շնորհք ունենա վարվելու այնպես, որ բոլորն իրենց էլ ավելի ուժգին ատեն: Մեկ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները մամուլին են պատերազմ հայտարարում, լրագրողների վրա «դոսիեներ» են հավաքում, քանի որ նրանք համարձակվել են «ժողովրդի» հարկերից սնվողներին հարց ուղղել, թե ինչ միջոցներով են ունեցվածք ձեռք բերում: Մեկ խորհրդարանում «կենաց-մահու» պայքար են մղում, որպեսզի իրենց «շեֆին» ցույց տան, թե ինչպես են իշխանության «թասիբը» պահել, ու ինչպես են «շշպռել» հերթական ընդդիմադիր գործչին: Բանը հասնում է նրան, որ խորհրդարանի նախագահն անձամբ է ցույց տալիս, թե ինչպես կարելի է «պատժել» իր ուղղությամբ ինչ-որ արտահայտություն թույլ տված մարդուն ու թքում է նրա երեսին:

Միջազգային տարբեր հարթակներից Հայաստանի «ժողովրդավարությունը» փրկելու կոչերով հանդես եկող իշխանության ներկայացուցիչները տարրական պատկերացում չունեն, թե ինչ է խոսքի ազատությունն ու որոնք են մարդու հիմնարար ազատությունները:

Եվ ի վերջո, ընդդիմախոսներին այս իշխանությունը ցանկացած որակում տվել է ու շարունակում է այդպիսի գնահատականներ հնչեցնել, մինչդեռ իշխանության գործը ոչ թե որակումներ տալն է, այլ իրավական դաշտում «մեղադրանքներն» ապացուցելը: Եթե դա չի արվել, ուրեմն իշխանության բոլոր մեղադրանքները մերկապարանոց են:

Գործող իշխանությունը հետեւողականորեն պետության հիմնասյուներն է քանդում, իսկ իշխող քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին թվում է, թե ինչով իրենք զբաղվում են`դա քաղաքականություն է: Ի զուր… Հայաստանում քաղաքական կյանքը մահացել է, քաղաքական դաշտ չկա, մենք մոտ ենք պետականության կորստին: Ավելին, Հայաստանում անհատականություններ չկան, որպեսզի իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրեն, լուծումներ առաջարկեն, համախմբեն հասարակությանը:

Ընդդիմության ներկայացուցիչները երբեմն հայտարարում են, թե ժողովուրդը չի պայքարում, հետեւաբար, իշխանությունն ինչ ուզում, անում է: Բարձրագույն իշխանությունն ու նրա մերձավորներն էլ ողջ ուժով եւ կասկածելի հետեւողականությամբ զբաղված են սեփական ժողովրդին սեւացնելու, նրա արատները ի ցույց դնելու գործով: Վերջերս էլ ազդարարվեց, թե` «11 հազար դասալիք ենք ունեցել»: Եվ այս ամեն ասվում է սիստեմատիկ, կարծես, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը Հայաստանի նկատմամբ թշնամական գործողություններ վարող երկրներին անուղղակիորեն անընդհատ հասկացնում են, թե մեր հասարակությունը պայքարող չէ, այս ժողովուրդն իրենից վտանգ չի ներկայացնում, ինչ ծրագրում եք` իրագործեք:

«Քաղաքական» կոչվող ուժերն այս էլեմենտար նրբությունն անգամ չեն գիտակցում: Եվ այս իրավիճակում մենք զարմանո՞ւմ ենք, թե ինչու է թշնամական երկիրը մեր պետության ինքնիշխան տարածքում ազատորեն շրջում…

Իշխանությունները նաեւ հատուկ տաղանդ ունեն մեր պետության համար կարեւոր թեմաներից հանրության ուշադրությունը շեղելու գործում: Այ, այս հարցում նրանք «վարպետության» դասեր կարող են ցույց տալ: Ցանկացած կարեւոր իրադարձություն քիչ անց համացանցային մեկ գրառմամբ, կամ մի քանի լուսանկարների հրապարակմամբ իշխանությունը կարողանում է դարձնել երրորդական-չորրորդական նշանակության, կամ անգամ ամբողջությամբ մոռացության մատնել: Ու ամեն անգամ ընդդիմադիրներն այդ «թակարդն» են ընկնում, սկսում օրերով քննարկել, վիճել, հայհոյել` մոռացության տալով շատ ավելի կարեւոր խնդիրներ, որոնք մեր երկրում ոչ միայն լուծում չեն ստանում, այլեւ ավելի են խորանում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930