Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք բոլորդ տեսաք ինչ խորհրդարանականների հետ գործ ունենք, անցեք գործի, ինչպես դուք բերել եք, այնպես էլ դուք պիտի տանեք». Թագուհի Թովմասյան

Ապրիլ 06,2023 23:23

Այսօր «Հայկական օրակարգ. կանայք հանուն հանրային համերաշխության» թեմայով քննարկման ժամանակ ընդգծվեց, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հոգեբանական բռնության, «տեռորի» ենթարկվեց ՄԻՊ-ի թեկնածուի հարցի քննարկմանը:

Թովմասյանն ասաց, որ ինքը միայնակ փորձում էր դիմակայել մոտ 40 ՔՊ-ականների՝ ինքնատիրապետումը չկորցնելով. «Բոլոր կողմերից գոռում էին, բղավում էին՝ ՔՊ նիստում նպատակաուղղված, պլանավորված որոշումը կայացրած: Եկել էին 2 նպատակով՝ այնպես անել, որ ես սխալ թույլ տամ ու իմ պաշտոնավարման հարցը դնեն հենց տեղում եւ երկրորդ՝ նրանք խնդիր էին դրել այնպես անեն, որ ընդդիմության միասնական թեկնածուն, որը հավակնում էր դառնալ օմբուդսմեն, իսկ քվեարկությունը պատգամավորների խղճով եւ համոզմունքով պետք է տեղի ունենար, այլ ոչ թե որեւէ չաթում կայացված որոշումը փոխանցելով կառավարության կողմից:

Այնուամենայնիվ, դա տեղի չունեցավ: Ընդդիմության թեկնածուն լսված լինելու իր իրավունքը չկարողացավ իրացնել, որովհետեւ թույլ չտրվեց նրան: Հենց նախադասությունը սկսում էր, միանգամից հարձակվում էին: Ոհմակի հոգեբանությամբ մարդիկ եկել էին եւ խնդիր էին դրել մեր նիստը վերածեծ մեծ ռազբորկայի»:

Թովմասյանն ասաց, որ Էդգար Ղազարյանը կարողացավ իրեն շատ լավ դրսեւորել՝ պահպանելով ինքնատիրապետումը, որովհետեւ բազմիցս, նայելով աչքերի մեջ՝ նրան վիրավորեցին, նաեւ ֆիզիկական բռնության փորձ եղավ մի քանի անգամ. «Կադրում երեւում է ինչպես են մի քանի անգամ Արթուր Հովհաննիսյանի ձեռքերը բռնում: Եվ սա ՔՊ խմբակցության քարտուղարն է անում, այսինքն, ոչ շարքային պատգամավոր, մարդ, որը ներկայացնում է ամենամեծ քաղաքական ուժի դեմքը»:

Թագուհի Թովմասյանն ասաց,որ պիտի ստիպել ՔՊ-ականներին վերադառնալ քաղաքական ու քաղաքակիրթ դաշտ. «Դա պիտի անենք եւ լիագումար նիստերի դահլիճում, եւ տարբեր նախաձեռնություններով: Որ քայլում եմ փողոցում, շատ մարդիկ ասում են՝ լավ, սրա վերջը ի՞նչ է լինելու, այս ի՞նչ միջավայրում եք դուք աշխատում: Ես բոլորին պատասխանում եմ, որ ձեր դաշտում է գնդակը, դուք բոլորդ տեսաք ինչ խորհրդարանականների հետ գործ ունենք, անցեք գործի, ինչպես դուք բերել եք, այնպես էլ դուք պիտի տանեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930