«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարությունը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների՝ Միխայիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ՝ լայնածավալ կոռուպցիայի մեջ նրանց ներգրավվածության պատճառով։
Այս մասին հաղորդվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ չորեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ։
«Այդ անձինք չարաշահել են Վրաստանի դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց պաշտոնը՝ խարխլելով օրենքի գերակայությունը և հանրային վստահությունը վրացական դատական համակարգի նկատմամբ», – ասված է Բլինքենի հայտարարության մեջ: «Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը և կշարունակի օգնել պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր չարաշահում են պետական իշխանությունն անձնական շահի համար: Մենք աջակցում ենք բոլոր դատավորներին, ովքեր ունեն անաչառ և անկախ գործելու ազնվություն և խիզախություն»:
Վերոնշյալ անձինք և նրանց անմիջական ընտանիքի անդամներն այժմ իրավունք չունեն մուտք գործել Միացյալ Նահանգներ: