Ըստ «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի զեկույցի՝ Ադրբեջանը Ղարաբաղում կամ Հայաստանի սահմաններին լայնածավալ նոր ռազմական գործողությունների չի գնա, քանի որ իր նպատակներին հասնում է փոքր քայլերով, իսկ Իրանը, չնայած մտահոգված է առևտրային ուղիներ կորցնելու հեռանկարից, հակամարտության մեջ ուղիղ չի ներգրավվի։
Նման եզրակացությունների հանգելու համար «Ստրատֆորի» վերլուծաբանները մի շարք հանգամանքներ են նշում։
Առաջինը՝ նրանք նշում են բանակցային գործընթացի փաստացի դադարը։ Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները կանգ են առել, ավելի հավանական են դառնում Լեռնային Ղարաբաղում կամ հայ-ադրբեջանական ընդհանուր սահմանին բռնությունների բռնկումները, բայց «Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություն կամ հակամարտությանը Իրանի ուղիղ միջամտությունը մնում է քիչ հավանական», գտնում են վերլուծաբանները՝ գնահատելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման ռիսկերը։
Լեռնային Ղարաբաղի ներսում և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի գործողությունները և Երևանի զգուշացումները նրանք համարում են երկու երկրների միջև լարվածության աճի վերջին նշաններ, գտնելով, որ 2020-ին ձեռք բերված հրադադարի ռեժիմի ապահովումը կարծես չի գործում։
«Քանի դեռ բանակցությունները կանգ են առել, Ադրբեջանը ավելի հավանական է՝ կդիմի հրադադարի փոքր մասշտաբների խախտումների՝ Լեռնային Ղարաբաղում մարտավարական շահավետ դիրքեր գրավելու, կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով նմանատիպ գործողություններ կատարելու համար»,- գրում են «Ստրատֆորի» վերլուծաբանները։
«2020-ի նոյեմբերին կրակի դադարեցման համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Բաքուն բազմիցս կիրառել է այդ ռազմավարությունը՝ ստիպողաբար առաջ մղելով դիվանագիտական գործընթացը, միաժամանակ ցուցադրելով ու մեծացնելով իր ազդեցության լծակները։ Լայնածավալ ռազմական գործողություն Ղարաբաղում կամ Հայաստանի սահմանին Ադրբեջանը դժվար թե սկսի, որովհետև ավելի քիչ ծախսատար մեթոդները Բաքվին կարող են հնարավորություն տալ պահպանելու առաջընթացը իր նպատակներին հասնելու համար։
Ամեն անգամ, երբ ադրբեջանական ուժերը առաջընթաց են ունենում, դա բարելավում է նրանց մարտավարական դիրքերը, նույնիսկ եթե տարածքային այդ առաջխաղացումը մի քանի մետր է։ Այդ մանեւրները նաև մեծացնում են Ադրբեջանի կառավարության բանակցային դիրքերը»,- նշում են «Ստրատֆորի» վերլուծաբանները։
Նրանց գնահատմամբ՝ մեծ տարածքներ գրավելու համեմատ այդ ռազմավարությունը Ադրբեջանին թույլ է տալիս շարունակելու ամրապնդել իր դիրքերն ու նպատակներին հասնելու քայլերը առանց Հայաստանի հետ լայնածավալ պատերազմի մեջ մտնելու և առանց միջազգային հանրության կողմից դատապարտվելու, հավական է նաև պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկերի։
«Այսպիսով, Բաքուն քիչ մղումներ ունի պատերազմական գործողություններով Լեռնային Ղարաբաղում մնացած տարածքների մեծ մասը կամ ամբողջությամբ գրավելու, կամ Հայաստանի հարավում որոշ շրջաններ գրավելու համար։ Ավելին, Ադրբեջանը քիչ է շահագրգռված անհարկի վտանգի ենթարկել խաղաղության համաձայնագիրը, որը հավանաբար մեծապես իր օգտին կլինի»,- նշված է «Ստրատֆորի» զեկույցում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: