Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի» գործով վիճարկվում է նաեւ լրագրողի ֆեյսբուքյան գրառումը

Ապրիլ 06,2023 21:00

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, այսօր կայացավ «Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի» գործով նիստը։

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը պահանջում է, որ Իգոր Խաչատուրովը ներողություն խնդրի իր կողմից վիրավորանք գնահատված արտահայտությունների համար, ինչպես նաեւ փոխհատուցի ենթադրյալ պատճառված բարոյական վնասը՝ 500.000 դրամի չափով։ Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ հրապարակումը։ Իգոր Խաչատուրովը, արձագանքելով հոր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին ուղղված Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառմանը, մասնավորապես նշել է. «Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող: Մեկ է, քեզ էդ Անկարայի չվերթին տեղ չեն տալու»։

Իգոր Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանը հայտարարեց, որ Իգոր Խաչատուրովի գրառումը գնահատողական դատողություն է՝ ի պատասխան Ստյոպա Սաֆարյանի՝ գեներալ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ «սադրիչ, զրպարտչական» գրառման: Պաշտպանը հնարավոր է համարում «որոշակի չափազանցված խոսքը», բայց պնդում է, որ Իգոր Խաչատուրովի արձագանքում չկա որեւէ արատավորող եւ վիրավորական խոսք: Անահիտ Սարգսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Իգոր Խաչատուրովի արձագանքը հրապարակային չի եղել. նա ելույթ չի ունեցել, հարցազրույց չի տվել, ֆեյսբուքյան գրառում չի արել, հոդված չի հրապարակել, այլ ինչ որ մի անձի հետ զրույց է ունեցել, որը հրապարակային չի կարող համարվել:

Հայցվորի ներկայացուցիչ Դիաննա Վարդանյանը դատարանին ներկայացրեց փաստաթուղթ՝ միջնորդությամբ այն գործի նյութերին կցելու եւ իբրեւ ապացույց ճանաչելու: Փաստաթուղթը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից գրառման արտատպում էր. օգտատերեր Սյուզի Բադոյանը, դատական նախորդ՝ 2023 թվականի փետրվարի 3-ին կայացած նիստից առաջ, ֆեյսբուքյան իր դիմապատի միջոցով տեղեկացրել է կայանալիք նիստի մասին՝ գրելով. «Գեներալ Խաչատուրովի որդին ճոխ հայերերնով դիմել է Ստյոպա Սաֆարյանին»: Ըստ Դիաննա Վարդանյանի, այս գրառումը խոսում է այն մասին, որ Ստյոպա Սաֆարյանի հասցեին արած Իգոր Խաչատուրովի հայտարարությունը հրապարակային է եղել եւ տարածում է գտել, քանի որ լրագրողն իր գրառման մեջ պիտակել է նաեւ փաստաբան Անահիտ Սարգսյանին եւ օգտատեր Հրանտ Մելիք-Շահնազարյանին, իսկ գրառման մեկնաբանությունների բաժնում քննարկում է ծավալվել խնդրո առարկա արտահայտությունների վերաբերյալ: Գրառումը, ըստ հայցվորի, իրենց հասանելի է դարձել ապացույցների բեռի բաշխումից հետո, թեեւ այն կատարվել է մինչ այդ դատավարական գործընթացը:

Անահիտ Սարգսյանն առարկեց՝ նկատելով, որ վիճարկվող արտահայտությունները մամուլի տարբեր միջոցներում առկա են եւ Ստյոպա Սաֆարյանը չի պահանջել լրատվամիջոցներից՝ հանել դրանք, իսկ Սյուզի Բադոյանը լրագրող է եւ կարող էր որեւէ լրատվամիջոցից արտատպել ու իր դիմապատին տեղադրեր: Պաշտպանը նկատեց, որ այսօրվա նիստը եվս տեսաձայնագրվում եւ հեռարձակվում է ու մարդիկ նույն արտահայտությունները կարող են լսել եւ գրառումներ անել, բայց դա չի հիմնավորում Իգոր Խաչատուրովի մեղավորությունը: Իր գնահատմամբ, ներկայացված փաստաթուղթը ոչ ամիս-ամսաթվի թվագրում ունի, որեւէ բան ոչ հիմնավորում է, ոչ բացատրում, անհասկանալի է եւ որեւէ կապ չունի իր վստահորդի հետ:

Տվյալ գրության՝ իբրեւ ապացույց թույլատրելիության հետ կապված որոշումը դատարանը կկայացնի հաջորդ նիստի ժամանակ: Հաջորդ նիստում դատարանը կհետազոտի գործի ապացույցները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930