Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանազատում են անում, ոչ թե սահմանագծում. «Միասին» շարժման անդամները ահազանգում են Սյունիքից

Ապրիլ 06,2023 19:33

«Մենք գնացինք մինչեւ Կոռնիձորի կամուրջը եւ հասանք Շուշիի շրջանի անցակետ, որտեղ Հայաստանի հանրապետության եւ Արցախի հանրապետության սահմանն է: Այնտեղ մեծ թվով ոստիկաններ էին կանգնած. եւ Հայաստանի, եւ Արցախի ոստիկանության ներկայացուցիչները: Հասկանալի էր, որ քիչ ուշ նաեւ ռուս խաղաղապահներն էին մոտենալու, քանի որ այդտեղ ադրբեջանական հենակետ է: Այսինքն, Հայաստանի հանրապետության տարածքում, ադրբեջանական հենակետ է, հենակետեր, որոնք դու տեսնում ես անզեն աչքով ու դա մեր հիմնական ճանապարհի՝ Արցախի մայրուղու հատվածն է, որը թույլ չեն տալիս անցնել, վտանգավոր է: Մենք մեր հայրենիքում իրավունք չունենք ազատ շարժվելու. դա ես միանշանակ կարող եմ հայտարարել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան, շարժման համակարգող խորհրդի անդամները մեկնել էին Սյունիքի մարզ՝ Տեղ եւ Կոռնիձոր բնակավայրեր, որտեղ օրերս թշնամին առաջխաղացում է ունեցել՝ ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Արցախը կապող նոր ճանապարհն արդեն շահագործման է հանձնվել. 33,8 կիլոմետրանոց ճանապարհի 11,8 կմ-ն ՀՀ տարածքում է, այն սկսվում է Մ-12 (Գորիս-Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ) միջպետական ճանապարհի Տեղ գյուղի հատվածից, անցնում Կոռնիձոր գյուղով եւ ավարտվում պետական սահմանի մոտ, որն անցնում է Հագարի գետով: Սահմանային հանգույց է գետի վրա կառուցված նոր կամուրջը: «Միասին» շարժման անդամներն այդ ճանապարհով են գնացել եւ հասել են մինչեւ անցագրային կետ, որտեղ ուղեփակոց է տեղադրված: Նրանց դիմավորել եւ ուղեկցել են ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալը եւ Գորիսի ոստիկանապետը. «Նրանք շատ քաղաքավարի մեզ ասում էին մի բան, որ պարտադրված են ապահովել մեր անվտանգությունը, դրա համար խնդրում են, որ առաջ չգնանք, քանի որ շատ վտանգավոր է»:

Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ եւ Տեղ, եւ Կոռնիձոր համայնքների ղեկավարներին տեսնել, նրանց հետ զրուցել չի հաջողվել. համայնքապետարանները փակ են եղել: Շարժման անդամները ենթադրում են, որ տեղեկանալով իրենց այցի մասին, համայնքների ղեկավարները գերադասել են «անհետանալ»: Իսկ ուղեկցող ոստիկանները նրանց հարցերին չեն պատասխանել՝ պատճառաբանելով, որ դա իրենց լիազորությունների շրջանակներից դուրս է:

«Մեզ ասացին, որ կհրավիրեն ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին: Զանգահարեցին, հրավիրեցին, մի 15 րոպե սպասելուց հետո, նրանք զանգահարեցին եւ ասացին, որ ծանր գրաֆիկի մեջ են, զբաղված են քարտեզագրման, սահմանազատման գործերով, ուստի գալ չեն կարող, բայց պատրաստ են առաջիկայում, համապատասխան հայտարարությամբ պարզաբանել մեր բոլոր հարցադրումները»,- մանրամասնեց Արամ Սարգսյանը:

«Եվ, ահա, սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի՝ մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է. մասնավորապես, 12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,- այսօր, կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ չհստակեցնելով ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիները վերադարձե՞լ են իրենց ելման դիրքեր, թե՝ ոչ: Այս առիթով Արամ Սարգսյանը նկատեց. «Ինձ համար հասկանալի չէ ի՞նչ բարելավվում է, երբ ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են տարել եւ մեր գյուղացիների սեփականություն հանդիսացող հողամասերն իրենց վերահսկողության տակ են: Սա թույլ է տալիս ասել, որ հայկական կողմն ուղղակի զիջել է ամբողջը: Հիմա էլ աբսուրդն այն է, որ այս պայմաններում իրենք սահմանազատում են անում, ոչ թե սահմանագծում. սահմանազատումը պետք է արվեր բանակցային գործընթացում, իսկ սահմանազատումը՝ դրա ավարտից հետո ու այդ քարտեզագրություն կոչվածը ուղղակի ծաղրանք է: Վարչապետի աթոռը զբաղեցնող պարոնն իրավասու չէ դա հանձնարարել, որ կատարեն: Սահմանագծումն էլ չպիտի լինի, քանի որ թշնամին Արցախը փակ վիճակում պահում է, իսկ դու գնացել ես բանակցում ես, որ սահմա՞ն գծես. ո՞վ է տեսել այդպիսի բան: Կամ՝ դու ինչպե՞ս ես մեր բանակային ստորաբաժանումներն իջեցնում զբաղեցրած դիրքերից եւ նրանց փոխարեն իբրեւ սահմանապահ զորքեր տանում, երբ թշնամին հակառակ բանն է անում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930