ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին, որն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում թիմային առաջին հորիզոնականն էր զբաղեցրել՝ նվաճելով երկամարտի 6 մեդալ:
Կարեն Գիլոյանը տպավորիչ հաջողության առթիվ շնորհավորել է պատանի ծանրորդներին և նրանց մարզիչներին՝ միևնույն ժամանակ հորդորելով նրանց չբավարարվել ձեռք բերածով:
«Հետևել եմ բոլորիդ ելույթներին: Շատ լավ մասնակցություն ունեցաք: Շնորհավորում եմ ինչպես ձեզ, այնպես էլ ձեր մարզիչներին: Նրանց աշխատանքը ևս շատ գնահատելի է: Կարևորում եմ այն, որ թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրիք ու ապացուցեցիք, որ թիմային պայքարում ևս կարող ենք հաջողություններ ունենալ: Խնդրանքս է, որ շարունակեք մարզվել նույն ջանասիրությամբ: Ձեր այս հաջողությունը դեռ առաջին քայլն է: Ամեն ինչ պետք է անեք մեծահասակների մակարդակում ևս ձեր հաջողություններն ամրագրելու և մեր երկրի պատիվը բարձր պահելու համար»,- ասել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ պատանի ծանրորդներն ունեն բոլոր հնարավորությունները՝ կրկնելու մեր անվանի ծանրորդների՝ Յուրի Վարդանյանի, Հոկսեն Միրզոյանի, Իսրայել Միլիտոսյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Սիմոն Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի և մյուսների հաջողությունները:
Կարդացեք նաև
Կարեն Գիլոյանը նշել է՝ ցուցաբերած մարզական բարձր արդյունքների համար պատանի ծանրորդները տարեվերջյան պարգևատրումներ, ապա նաև անվանական թոշակներ կստանան:
Հիշեցնենք՝ աշխարհի պատանեկան առաջնության աղջիկների պայքարում երկամարտում երրորդ լավագույն արդյունքը ցույց էին տվել Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ): Մարզուհիներն ընդգրկվել են Հայաստանի կանանց հավաքականի կազմում և հնարավորություն կունենան մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Մարզիչների խոսքով՝ մարզուհիներից սպասելիքները մեծ են: Տնային առաջնությունից մեծ սպասելիքներ ունի նաև 16-ամյա Էմմա Պողոսյանը:
«Շատ ուրախ եմ աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճած բրոնզե մեդալի համար: Այն ինձ համար շատ կարևոր էր: Իհարկե, ավելին կարող էի անել: Այսքանով չեմ բավարարվելու: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի Եվրոպայի առաջնությունում լավ հանդես գամ և մեդալ նվաճեմ: Կարծում եմ՝ սեփական հարկի տակ մեր երկրպագուների աջակցութամբ ավելի վստահ հանդես կգանք ու կպայքարենք բարձր տեղերի համար»,- ասել է մարզուհին:
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հաջողություն է մաղթել ծանրորդներին առաջիկա մրցելույթներում: Նա նաև տեղեկացրել է, որ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո բոլորովին նոր և բարձրորակ մարզագույքը կտրամադրվի մարզադպրոցներին, և մեր մարզիկներն ավելի լավ պայմաններում մարզվելու հնարավորություն կունենան:
Հիշեցնենք՝ աշխարհի պատանեկան առաջնության հաղթող էր ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։
Հայաստանի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի գլխավորությամբ:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ