Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի Այգեհովիտի զարդը. Սուրբ Սրվեղի վանական համալիր

Ապրիլ 06,2023 17:55

Միջնադարյան Հայաստանի Կայան գավառի հոգևոր ու մշակութային կենտրոններից է Սրվեղի վանքը։

Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3կմ հարավարևմուտք, անտառապատ բացատի սարալանջին, «Խաչի տակ» կոչվող վայրում:

Հուշարձանախումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, միաբանների բնակելի և տնտեսական շինություններից: Շրջափակված է պարսպապատով: Պարսպից մնացել են միայն հիմնապատերը: Պարսպից դուրս, վանքի շրջակայքում կան այլ շինությունների մնացորդներ, տապանաքարեր, խաչքարեր: Պահպանվել են ջրատար կավե խողովակներ: Վանքի ջուրը բերվել է մի քանի կիլոմետր հեռավորությունից` մոտակա լեռներից:

Գլխավոր եկեղեցի (Ս. Նշան) – գմբեթավոր դահլիճ տիպի է՝ արևելյան խորանով, կրկնահարկ զույգ ավանդատներով, սլացիկ, սրածայր վեղարով` պսակված բազմանիստ գմբեթով: Կառուցված է թրծված աղյուսով: Պատերի ստորին շարքերը մոտ մեկ մետր բարձրությամբ շարված են մուգ վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով: Սա Հայաստանում կառուցված սակավաթիվ աղյուսաշեն հուշարձաններից է: Եկեղեցու բեմի վիմաքարի ճակատին զետեղված կիսաեղծ արձանագրության մեջ հիշատակվում է Ս. Նշան անունը: Կառուցվել է XIII դ.: Պատերի շարվածքում դրված են տարբեր դարաշրջանների խաչքարերի քանդակազարդ և արձանագիր բեկորներ: Դրանք բոլորն էլ պատկանում են մեկ այլ, ավելի հին կառույցի: Եկեղեցու շուրջը միջնադարյան գերեզմանոց է։

Եկեղեցին բազմիցս նորոգվել է: Ամբողջովին վերանորոգվել են արևելյան ճակատի երկու անկյունները, բեմի կենտրոնական մասը, արևմտյան դռան շրջանակը, անկյունային հատվածները, մասնակի վերանորոգման է ենթարկվել նաև գմբեթը:

Ս. Աստվածածին եկեղեցի – գտնվում է գլխավոր եկեղեցու հյուսիսային կողմում, ավերակ է: Միանավ դահլիճ տիպի է: Կառուցվել է 1889 թ. գյուղի համայնքի կողմից` Տեր Հովհաննես քահանայի առաջնորդությամբ: Պատերի մեջ դրված են քանդակազարդ խաչքարերի բեկորներ և ամբողջական խաչքարեր: Հատակին կան խոշոր տապանաքարեր:

Ձիթհանք – վանքապատկան կառույց է, գտնվում է վանքի պարսպից դուրս, արևմտյան կողմում: Մնացել են միայն ավերակ հիմնապատերը:

Հիմնական գրականություն

Դիվան հայ վիմագրության (Իջևանի շրջան), պր. 6, Եր., 1977:

Եղիազարյան Հ., Իջևանի շրջան (ուղեցույց), Երևան, 1947:

Էլլարյան Ի., Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձանները, Երևան, 1980:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930