Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է կենսաբանորեն ակտիվ նյութերի ակտիվությունը, որոնք կարող են ուռուցքներ առաջացնել

Ապրիլ 06,2023 17:51

Ապրիլի 6-ը նշվում է որպես «Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման եւ խաղաղության»: Օրվա նպատակների մեջ ներառված է նաեւ բարձրացնել սպորտի մասսայականությունը:

Բոլորն էլ գիտեն, որ սպորտն ու ֆիզիկական ակտիվությունը դրական ազդեցություն ունեն կյանքի վրա, մարդուն պաշտպանում են տարաբնույթ հիվանդություններից եւ երկարացնում են կյանքի տեւողությունը: Բայց արդյոք այդ օրինաչափությունն աշխատում է մեր ժամանակների ամենատարածված եւ ամենամահաբեր հիվանդություններից մեկի պարագայում, ինչպիսին քաղցկեղն է։ Ֆիզիկական ակտիվությունը պաշտպանո՞ւմ է այդ հիվանդությունից, ո՞ր մարզաձեւերն են ավելի արդյունավետորեն նվազեցնում քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:

2020 թվականին Medicine & Science in Sports & Exercise միջազգային խոշորագույն ամսագիրն անդրադարձել է ֆիզիկական ակտիվության եւ քաղցկեղով հիվանդանալու ռիսկի միջեւ կապին՝ նշելով, որ գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է ավելի քան 12 օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը, որ պարբերաբար սպորտով զբաղվողների 20-25 %-ը քաղցկեղի հետ «ծանոթանալու» ավելի քիչ հավանականություն ունի: Ընդ որում, դա բարդ ու բազմաշերտ գործընթացների արդյունք է:

Ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է կենսաբանորեն ակտիվ նյութերի ակտիվությունը, որոնք կարող են ուռուցքներ առաջացնել:

Սպորտը դիետայի եւ առողջ ապրելակերպի հետ միասին ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցն է: Հայտնի է, որ ճարպակալությունը նպաստում է քաղցկեղի մոտ 13 տեսակների զարգացմանը:

Ֆիզիկական ակտիվությունը բարենպաստ է ազդում իմունային համակարգի վրա, որը կոչված է մեզ պաշտպանել ոչ միայն արտաքին, այլեւ մեր ներսի՝ մանրէների եւ վիրուսների տեսքով վտանգներից:

Եվ վերջապես, առողջ ապրելակերպ վարող եւ իրենց առողջությանը հետեւող մարդիկ հեռու են մնում վնասակար այնպիսի սովորություններից, ինչպիսին ծխելն է, ալկոհոլ օգտագործելը, ինչը նույնպես նվազեցնում է ուռուցքների առաջացումը:

Մասնագետները որպես միջին ծանրաբեռնվածության արդյունավետ վարժություններ՝ խորհուրդ են տալիս զբաղվել արագ քայլքով, պարով, հեծանվային զբոսանքով, լողով, վազքով, աէրոբիկայով, խաղային մարզաձեւերից՝ վոլեյբոլով եւ բասկետբոլով: Ֆիզիկական ակտիվության լավ դրսեւորում է տնամերձ հողամասի մշակումը: Մարզումների մեջ պարտադիր պետք է լինեն նաեւ ձգումները եւ ուժային վարժությունները:

Ու վերջում. քաղցկեղից ավելի արդյունավետ խուսափելու համար պետք է պարզապես նստած չմնալ: Նստակյաց կյանքը մեծացնում է քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930