Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ՀՀ-ն գտնի՝ այնպիսի նախագիծ է մշակվել, որը բավարարում է պաշտոնական Երևանի դիրքորոշումներին և ցանկություններին, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին»․ Սարգիս Խանդանյան

Ապրիլ 06,2023 17:33

«Մշտապես ՀՀ-ի դիրքորոշումը հրապարակային է եղել այս հարցի վերաբերյալ։ ՀՀ-ն երբեք չի մերժել ՀԱՊԿ առաքելությանը՝ լինել ՀՀ-ում»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին՝ հայկական կողմը պատրա՞ստ է ընդունել ՀԱՊԿ խաղաղապահներին։

Հիշեցնենք՝ մեկ օր առաջ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարեց՝ ՀԱՊԿ առաքելության տեղակայման ժամկետները կախված են Հայաստանից։

Սարգիս Խանդանյանը հայտնեց՝ այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է նման առաքելություն լիներ, լրամշակման փուլում է ու հավելեց․ «Այդ փաստաթուղթը շարունակվում է գտնվել այդ փուլում։ Մեզ համար կարևոր են՝ այն արձանագրումները կատարվեն, որոնք պետք է օբյեկտիվ ներկայացնեն իրականությունը, թե իրականում ինչ է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Բնականաբար, առանց այդ պնդման ընդունման, առանց իրավիճակը մանրամասն գնահատելու՝ դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի առաքելություն և ինչ տարածքում պետք է այդ առաքելությունը իրականացնի։ Այնուամենայնիվ, ՀՀ-ն երբեք չի մերժել այդ առաքելությունը, ՀՀ-ն ցանկացել է, որ հստակորեն արձանագրվի խնդիրը»։

Հարցին՝ ԵՄ դիտորդները զեկուցո՞ւմ են, որ Ադրբեջանն արդեն ՀՀ ինքնիշխան տարածքում է՝ Տեղում, Երասխում ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Բնականաբար, արձանագրում են, և դա հիմնական գործառույթն է ԵՄ դիտորդական առաքելության։ Այդ առաքելության երկամսյա գործունեությունը բարձր գնահատելով՝ ՀՀ կառավարությունը դիմեց Եվրոպական Միությանը, որ ավելի երկարաժամկետ առաքելություն ուղարկի Հայաստան։ Սա շատ արդյունավետ է և լրացուցիչ երաշխիք է մեր անվտանգության համար։ Իհարկե, չեմ փորձում գերագնահատել առաքելության հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ այն քաղաքացիական առաքելություն է»։

Հստակեցմանը՝ ՀՀ-ի պայմանը մնո՞ւմ է ուժի մեջ, այսինքն՝ եթե ՀԱՊԿ-ը կքննադատի Ադրբեջանի ագրեսիան, այդ դեպքում ՀՀ-ն կարող է ընդունել ՀԱՊԿ առաքելությունը, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Այդ փաստաթուղթը լրամշակման փուլում է։ Այն փուլում, որ ՀՀ-ն գտնի՝ այնպիսի նախագիծ է մշակվել, որը բավարարում է պաշտոնական Երևանի դիրքորոշումներին և ցանկություններին, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել տեղակայման մասին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930