Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենամեծ նվերը Գյումրիին»․ բրենդ դարձած 157-ամյա թատրոնը կունենա այլ տեսք

Ապրիլ 06,2023 17:17

ՀՀ կառավարությունն այսօր 34 միլիոն դրամ է հատկացրել Գյումրու սրտում գտնվող Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պատուհանները փոխելու նպատակով։

Այս մասին իրենց էջերում հատուկ անդրադարձ են կատարել ինչպես Շիրակի մարզպետարանն, այնպես էլ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը, որի ջանքերի շնորհիվ է սկսվել այս գործընթացը։ Ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ շարունակել է նրա նախաձեռնածը։

Նազելի Բաղդասարյանի գրառման մեջ նկատելի է մեծ ուրախություն՝ գյումրեցիներին ոգևորելու մտադրություն։

Նա իր էջում գրել է․ «Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ տարիներով ձգձգվող խնդիրը լուծում ստացավ, գործադիրն այսօրվա նիստում թատրոնի պատուհանների փոխարինման համար հատկացրել է շուրջ 34 մլն դրամ։

Գյումրու սրտում գտնվող կառույցի համար սա կենսական կարևոր հարց էր, որը քննարկել էինք թատրոնի տնօրինության հետ դեռ նախորդ տարի։ Կառավարությունը ականջալուր եղավ մեր բարձրացրած հարցին և Շիրակի մարզպետարանի ու ՏԿԵՆ-ի հետևողականության արդյունքում կարողացանք լուծում գտնել։ Բոլոր շահագրգիռ անձանց ներգրավվածությունը չափազանց կարեւոր էր։

Լիահույս եմ, որ առաջիկայում Հակոբ Հակոբյանի՝ ազգային արժեք ճանաչված «Սարերում» որմնանկարը, որը տեղադրված է թատրոնի ճեմասրահում, կտեղափոխվի այլ ապահով վայր։

Այս հարցով ևս կա վարչապետի հանձնարարականը»։

Եթե նկատի ունենանք, որ Գյումրու թատրոնը այս քաղաքի բրենդներից է, տեղացիների ամենասիրած վայրը, որի վերելքներով հրճվում է մի ողջ քաղաք, մյուս կողմից էլ զբոսաշրջիկների ու հատուկ հյուրերի նախընտրելի կառույցներից է, ապա հասկանալի է, թե ինչքան կարևոր է թատրոնի պատուհանների հարցը»։

Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Թատրոնի պատուհանները 50 տարուց ավելի վթարային վիճակում են․Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը, որը ժամանակավորապես տեղափոխել են թատրոն, այդ պատուհաններից են անցկացրել ներս՝ պատուհանները դարձնելով ավելի վթարային։

Ուժեղ քամիների ժամանակ վախենում ենք, որ պատուհանները կկոտրվեն ու կընկնեն մարդկանց գլխին։ Թատրոնի բակում էլ հազարավոր երեխաներ են խաղում։ Փորձագիտական եզրակացությունը, որ եկավ, կարդացինք՝ պատուհանների պիտանելիությունը զրո է, դրանք փչացել են, պիտի թափել, ապակիները արևից վառվել են տարիների ընթացքում։

Այսինքն՝ անվտանգության խնդիր կա, պատուհաններից նաև սարսափելի ցուրտ է գալիս, ինչքան ուզում ես՝ թատրոնը ջեռուցի, հնար չկա։

Թատրոնը նաև զբոսաշրջային վայր է դարձել, շենքի գեղեցկությունը շատ կարևոր է, պատուհանները փոխելով՝ կփոխվի քաղաքի կենտրոնի տեսքը։

Շատ երկար ժամանակահատված այս խնդիր մասին խոսել ենք, բայց լուծում չկար։ Նազելի Բաղդասարյանը մարզպետ նշանակվելուն պես այն համարեց իր առաջնային խնդիրը, իր ուշադրության ներքո էր։

Ի ուրախություն մեզ, այսօր իրականություն դարձավ, սա ամենամեծ նվերն է թատրոնին, նաև Գյումրի քաղաքին․ թատրոնը ամենասիրուն կառույցներից է, Գյումրու այցեքարտն է ։

Նազելի Բաղդասարյանի հոգատար վերաբերմունքի շնորհիվ եղավ այս ամենը, գործը շարունակեց ներկայիս մարզպետը։ Մուշեղ Մուրադյանի հետ հանդիպել եմ, այս խնդրի շուրջ խոսել ենք, շատ մեծ պատրաստակամություն հայտնեց, ասաց՝ առաջիկայում այդ հարցը կքննարկենք։ Փաստորեն գործը սկսեց Նազելի Բաղդասարյանը, Մուշեղ Մուրադյանը շարունակեց։

Այսօր շնորհակալությունների օր է, կարևոր է՝ Գյումրու քաղաքապետարանի շինթույլտվությունն ու աջակցությունը։ Թե՛ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, թե՛ նախորդ ու ներկա մարզպետները, թե՛ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանը,թե՛ ԿԳՄՍ նախարարությունն ու ՏԿԵՆ օգնել են մեզ այս հարցում։

ԿԳՄՍ նախարարության հուշարձանների վարչությունը շատ արագ աշխատեց, թատրոնի շենքը պատմամշակութային արժեք է, հատուկ թույլտվություն էր պետք վերանորոգում անելու համար։ Քննարկումները եղան, նախագիծը ուսումնասիրեցին ու տվեցին թույլտվություն, աշխատանքը շատ արագ կազմակերպվեց․ պատուհանների ձևը, բնականաբար, պահպանվելու է։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում լրատվամիջոցներին, որոնք միշտ բարձրաձայնել են այս խնդիրը»։

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը, որը մի քանի տարի է տեղափոխել են Գյումրու թատրոնի ճեմասրահ՝ այն փրկելու նպատակով, իրականում տեղումների ժամանակ վնասվել է, քանի որ անձևներն ու ձյունը ներս են թափանցել պատուհաններից։

Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ թե՛ ներկա, և թե՛ նախկին մարզպետները դիմել են որմնանկարը թատրոնի շենքից հանելու խնդրանքով։ Քննարկվել է «Շիրակ» օդանավակայան տեղափոխելու հարցը, այս պահին այդ տարբերակը լուծելի չէ, քննարկվել է նաև Գյումրի մարզամշակութային կենտրոն տեղափոխելու հարցը, որին դեմ է եղել նախարարությունը։

«Հակոբ Հակոբյանի որմնանկարը շատ կարևոր ազգային արժեք է, որը վթարային վիճակում է, այն պիտի իր արժանի տեղը գտնի։ Որմնանկարը փակել է ամբողջ թատրոնի լուսավորությունը։ Անխնա կերպով են վարվել սյուների հետ, ամբողջ պղնձային սյուները կտրել են, գցել են հատակին։ Նկարը տեղափոխելուց հետո մենք ստիպված ենք մեր ճեմասրահը վերանորոգել, որովհետև պղնձյա սյուները վնասել են։

Լիահույս եմ, որ որմնանկարի տեղափոխման հարցը կլուծվի, թե՛ Նազելի Բաղդասարյանը և թե՛ Մուշեղ Մուրադյանն անդրադարձել են այս հարցին․ ներկայիս մարզպետն ասել է, որ փնտրում են հարմար վայր։

Ցանկալի է՝ նկարը տեղափոխեն մինչև պատուհանների վերանորոգումը, չմոռանանք, որ մեր պատուհաններով են ներս մտցրել այն, նույն ճանապարհով էլ դուրս են հանելու։ Անհանգստություն ունենք, որ պատուհանները փոխելուց հետո նկարը տեղափոխելու գործընթացը կդժվարանա։

Փորձագիտական եզրակացություններ կան որմնանկարի վիճակի շուրջ, ես էլ եմ ահազանգել, որ այն ունի ճեղքեր, վնասվածքներ, նկարը ճիշտ տեղում չէ, քանի որ թատրոնի ճեմասրահում ջեռուցում չկա, նկարը ունի վնասներ, մասնագետները ևս եկել, ուսումնասիրել ու արձանագրել են»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930