Լրահոս
Օրվա լրահոսը

«Նվիրիր կարդալու րոպեներ». նոր նախագիծ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ինքնազարգացման համար

Ապրիլ 06,2023 17:09

Մարզաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ինքնազարգացման, ոչ ֆորմալ կրթության և ներառականության ապահովման նպատակով՝ մեկնարկում է «Նվիրիր կարդալու րոպեներ» նախագիծը։ Նախաձեռնության իրագործման նպատակով՝ այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և «ԼՈՖԹ» կենտրոնների գլխավոր տնօրեն, համանուն հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Համբարձումյանը փոխըմբռնման եռակողմ հուշագիր են ստորագրել։

Հուշագրով նախատեսվող ծրագիրը կմեկնարկի Լոռու մարզի Վանաձոր քաղաքից, որտեղ ներկայումս անապահով ընտանիքներում հաշվառված է 5634 աշակերտ։ Նախագծի իրագործման առաջին տարվա ընթացքում Վանաձորում ապրող անապահով ընտանիքներից շուրջ 1000 աշակերտ կստանա դեպոզիտային նվեր-քարտեր (դոնոր կառույցների ֆինանսական աջակցությամբ)՝ Վանաձորի «ԼՈՖԹ» կենտրոն այցելելու և հարմարավետ միջավայրում գիրք ընթերցելու, հասակակիցների հետ մեկ տարածքում շփվելու համար։ Ծրագրի ամբողջական իրագործման համար անհրաժեշտ կլինի նվիրատվությունների շեմը հատել 36 մլն դրամը։

Ընդգծելով գործընկեր գերատեսչությունների հետ ոլորտային արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է նմանօրինակ հուշագրերի դերը։

«Մեզ համար առավել քան կարևոր է, որ այդ փաստաթղթերը չլինեն լոկ հուշագրեր, այլ դրանցում սահմանված յուրաքանչյուր նպատակ ու ուղղություն ցանկալի վերջնարդյունք ունենա։ Անչափ կարևոր է, որ շահառուներին փոխանցենք մի բան, որը համագործակցության փաստաթղթի ժամկետը լրանալուց հետո էլ մնա իրենց հետ և նպաստի մասնագիտական հմտությունների զարգացմանն ու նրանց կյանքի որակի բարձրացմանը։ Մաղթում եմ բարի ընթացք այս համագործակցությանը։ Վստահ եմ՝ երեխաներն արդյունավետ կօգտագործեն իրենց տրված հնարավորությունն ու «Նվիրիր կարդալու րոպեներ»-ի արդյունքը բոլորիս համար շոշոփելի ու տեսանելի կլինի արդեն մոտ ապագայում»,- նշել է նախարարը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս կարևորել է նախաձեռնության իրականացումը. «Մեզ համար շատ կարևոր է, որ նման նախաձեռնությունները չլինեն միայն պետության կողմից իրականացվող աշխատանք, հակառակ դեպքում մենք չենք ունենա ցանկալի արդյունքը։ Կարևորում եմ, որ այս համատեղ նախաձեռնությունը զարգանում է, և մենք գնալու ենք դեպի ավելի մեծ ներառականություն։ Հույս ունեմ, որ կկարողանանք այս ամենը կիրառել նաև այլ կենտրոնների պարագայում»։

«ԼՈՖԹ» ՀԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար Արևիկ Համբարձումյանի խոսքով՝ ծրագրի իրագործման փուլում գործընկերային հարաբերությունների շրջանակը մեծանալու է այնքան, որ 5000-ից ավելի աշակերտ հնարավորություն ունենա օգտվելու ծրագրի հնարավորություններից. «Երեխան, գտնվելով նորարակական, տեխնիկապես հագեցած, հարմարավետ ու ապահով միջավայրում, կկարողանա իր ժամանակն օգտագործել ինքնակրթվելու, զարգանալու, իր հասակակիցների հետ շփվելու համար, ինչպես նաև հնարավորություն կստանա միջավայրում ցուցաբերել իր տաղանդն ու ունակությունները։ Մեր նպատակն է նախագծի միջոցով խթանել ընթերցանությունը, պատանիների և երիտասարդների շրջանում ամրացնել միջանձնային շփումները, մարզային կյանքի հետաքրքրության և բովանդակային որակը բարձրացնել նոր մակարդակի, նպաստել երեխաներին մասնագիտական կողմնորոշման հարցում։ Այս առաքելության իրագործման համար նախագծին միացել են խոշոր ընկերություններ՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն, որի համար շնորհակալ ենք»։

«Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագիրը նպատակ ունի մեկ միասնական հարթակում ներգրավել բոլոր այն երեխաներին, ովքեր ֆինանսական կամ այլ խնդիրների պատճառով ինքնազարգացման ու ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն գրեթե չունեն։

 ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930