Փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայտարարություն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով
Քանի որ արդեն իսկ լուրեր են տարածվել, որ Արցախի հերոս, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, ուստի հաստատում եմ այդ տեղեկությունը։
Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ նախաքննությունը չի ավարտվել այն պատճառով, որ քրեական վարույթով լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ապացուցողական և քննչական գործողություններն ավարտվել են, այլև՝ որ այդպես հարմար է գտել մեղադրանքի կողմը։
Կարդացեք նաև
Իսկ իրականում, որքան այս քրեական վարույթով քննությունը խորանում էր, այնքան առավել ակնհայտ էր դառնում, որ Միքայել Արզումանյանին ներկայացված մեղադրանքներն անհիմն են։
Դա առավել քան ակնհայտ էր դառնում Միքայել Արզումանյանի մասնակցությամբ կատարված առերեսումների ժամանակ, որոնց ընթացքում մեր կողմից տրված հարցերին հնչում էին այնպիսի պատասխաներ, որոնց առկայության դեպքում անհնար էր այս քրեական վարույթով Միքայել Արզումանյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմել և գործ ուղարկել դատարան։
Նշել նաև, որ վերջին անգամ՝ 2023 թվականի փետրվարի 27-ին է դատարանը 2 ամիս ժամանակով երկարաձգել Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը, քանի որ մեղադրանքի կողմը դատարանին համոզում էր, թե իբրև մի քանի տասնյակ վկաների պետք է հարցաքննեն, շարունակեն Միքայել Արզումանյանի մասնակցությամբ սկսված, սակայն դեռևս չավարտված առերեսումները, բազմաթիվ նոր առերեսումներ կատարեն վկաների ու Միքայել Արզումանյանի միջև և այդ հիմքով էլ դատարանը կալանքի ժամկետը երկարաձգել է, սակայն կալանքի երկարաձգման որոշումը ստանալուց կարճ ժամանակ անց մեղադրանքի կողմը հանկարծ որոշել է, որ ոչ միայն առերեսումներ չպետք է կատարի, այլ նաև՝ նույնիսկ սկսված առերեսումներ էլ կիսատ պետք է թողնի և շատ արագ կարգով քրեական գործի նախաքննության ավարտ հայտնի։
Ինչպես հայտնի է, Միքայել Արզումանյանը մեղադրվում է 44 օրյա պատերազմի ընթացքում որպես պաշտպանության բանակի հրամանատար Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում անզգուշությամբ թերություններ թույլ տալու մեջ, որի արդյունքում էլ թշնամին գրավել է այն։
Հայտարարում և պնդում ենք, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, իսկ քրեական վարույթի նյութերի համաձայն՝ առկա իրավիճակում Միքայել Արզումանյանն արել է առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար։
Միքայել Արզումանյանը պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։
Սակայն, այդքանով հանդերձ, առկա են անհերքելի փաստեր, որ Միքայել Արզումանյանի կողմից պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց իրավիճակն այնպես է փոխվել, որ թշնամին մի քանի օր որևէ լուրջ հաջողություն և առաջընթաց չի ունեցել, կրել է հսկայական կորուստներ (հիշեք Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունները, այդ թվում՝ «Գյոռբագյոռ» օպերացիան, որի արդյունքում թշնամին հսկայական կորուստներ է ունեցել)։ Ավելին, Միքայել Արզումանյանի հմուտ գործողությունների արդյունքում հայկական կողմի մարդկային կորուստները 2-3 անգամ կրճատվել են։
Սակայն, թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել։
Պետք չէ մոռանալ այդ ժամանակ Հայաստանի և Արցախի բարձրագույն քաղաքական ղեկավարության, այդ թվում՝ ՀՀ վարչապետի հայտարարությունները, որ Արցախի Պաշտպանության բանակը մինչև վերջին վայրկյանը հերոսական կռիվ է տվել, սակայն հայկական կողմը Շուշին կորցրել է, որովհետև հակառակորդի դիվերսիոն խմբերին հաջողվել է ներթափանցել քաղաք, որ Շուշիի գրավումն անխուսափելի է եղել, որ դա է եղել պատերազմը կանգնեցնելու պայմանը։ Ինչպես նաև այդ նույն բարձրագույն իշխանության կոչերը, որ քաղաքացիներն ինքնուրույն խմբեր կազմեն և ով՝ ինչ միջոց տանը ունի, վերցնի ու գնա Շուշին պաշտպանելու, քանի որ այն կորցնելու լուրջ վտանգ է առկա։
Ինչ վերաբերում է այն մեղադրանքի, թե իբրև «Արեգա» սարը յուրային ստորաբաժանումների կողմից ազատագրված է եղել, սակայն Միքայել Արզումանյանի հրամանով յուրային ուժերը հետ են նահանջել և թշնամին նորից զբաղեցրել է այն, ապա դա ևս անհիմն մեղադրանք է։
Մասնավորապես, հաստատապես պնդում եմ, որ «Արեգա» սարը յուրային ստորաբաժանումների կողմից ազատագրված չի եղել, ինչի վերաբերյալ բազմաթիվ անհերքելի ապացույցներ են առկա քրեական վարույթում, հետևաբար Միքայել Արզումանյանը չէր կարող նման հրաման տալ։
Առավել ևս, որ նա այդպիսի հրաման տալու իրավասություն չի ունեցել։
Մեղադրանքների մասով պաշտպանական մարտավարությունը չբացահայտելու նկատառումներից ելնելով առավել մանրամասն հիմնավորումներ չենք ներկայացնում, սակայն վստահեցնում ենք, որ օբյեկտիվ դատական քննության պարագայում այս մեղադրանքները որևէ պարագայում չեն կարող հաստատվել։