Ապրիլի 4-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի անհետացման 175-րդ տարելիցին նվիրված «Հավերժական Աբովյանը» միջոցառումը։
Լուսավորչի հիշատակը նշանավորվեց նոր ցուցասրահի բացումով, Հրաչյա Ռուխկյանի՝ Աբովյանին նվիրված նկարների ցուցադրությամբ և «Հայրենիք–Վաթան» երգի տեսահոլովակի շնորհանդեսով։
Բացման խոսքով ներկաներին ողջունեց թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ինչին հաջորդեց նոր ցուցասրահի և «Հավերժական Աբովյանը» նկարների ցուցադրության հանդիսավոր բացման արարողությունը։ Ցուցադրությանը ներկայացված էին Հր․ Ռուխկյանի՝ Աբովյանի մահվան 100-ամյակին նվիրված նկարների շարքից վեց աշխատանք։
Նկարչի դուստր Անահիտ Ռուխկյանը խոսեց նրա «Բույլ հանճարաց» շարքի և Աբովյանին նվիրված նկարների մասին։ Հաջորդիվ Թանգարանի դահլիճում տեղի ունեցավ Խ․ Աբովյանի «Հայրենիք–Վաթան» բանաստեղծության հիման վրա գրված երգի տեսահոլովակի շնորհանդեսը։ Երգի մասին իրենց խոսքն ասացին երաժշտության հեղինակ Մարգարիտ Սարգսյանը և կատարող Անդրանիկ Մալխասյանը։ Միջոցառման ավարտին շնորհակալագրեր հանձնվեցին Հր․ Ռուկխկյանի ժառանգներ Արմեն և Անահիտ Ռուխկյաններին, մասնավոր հավաքորդ Արամ Մկրտչյանին՝ Ռուխկյանի նկարները Թանգարանին նվիրաբերելու համար, ինչպես նաև կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանին, երգիչ Անդրանիկ Մալխասյանին և ցուցադրության համադրող Սարգիս Հովհաննիսյանին։
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան