Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչը չպետք է ինքնահաստատման խնդիր ունենա

Ապրիլ 06,2023 16:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հավանաբար, ցանկանում է ընդգծել իր իշխանություն ունենալու փաստը: Նա ուզում է, որ մարդիկ տեսնեն, որ կարողություն ունի թիկնապահներին հրամայել՝ ոլորել քաղաքացու ուսերը, որպեսզի բառի բուն իմաստով թքի երեսին:

Կիրակի լուրեր տարածվեցին, որ Ալեն Սիմոնյանը թքել է իրեն «դավաճան» անվանած կանադահայ Կարեն Մկրտչյանի դեմքին:

Քաղաքական գործիչը պետք է գիտակցի, որ քաղաքականությունն ինքնահաստատվելու վայր չէ: Այս գիտակցությունն ունենալու համար քաղաքական գործչին անհրաժեշտ են հասունություն և հանդուրժողականություն: Այսինքն, քաղաքական գործիչը չի կարող իր գործունեությունը ծավալել ամեն քայլափոխի ցուցադրելով իր իշխանություն ունենալու հանգամանքը և դրանից առաջացող հնարավորությունները:

Քաղաքացու «դավաճան» արտահայտությունը, հասկանալիորեն, հաճելի չէր լինի ոչ մի իշխանական պաշտոնյայի, բայց ընդհանրական պատկերում «դավաճան» բառը քաղաքական գնահատական է և ազատ խոսքի իրավունքի իրացում, այլ ոչ թե վիրավորանք կամ սեռական բնույթի հայհոյանք: Սա չեն ընկալի այն պաշտոնյաները, ովքեր քաղաքական հասունության դեռ չեն հասել և ինքնահաստատման փուլում են գտնվում:

Փաստորեն, Ալեն Սիմոնյանի թքելը նորություն է իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած Հայաստանի համար, քանի որ նման արարք չէր արձանագրվել թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից:

Օրինակ, երբ Սյունիքում մի խումբ քաղաքացիներ վարչապետ Փաշինյանին «դավաճան» էին անվանում եւ հայհոյում էին, նա անձամբ նրանց չի մոտեցել և վիրավորանք չի հնչեցրել: Իհարկե, «դավաճան» կամ նույնանման այլ արտահայտություններ արած քաղաքացիներից շատերը բերման են ենթարկվել, որոշները նաև վարչական տուգանքի ենթարկվել, բայց Փաշինյանն անձամբ նվաստացուցիչ արարքով հանդես չի եկել:

2022-ի մայիսին, «Դիմադրություն» շարժման քայլերթերից մեկի ժամանակ լրագրողը ջուր էր շփել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի վրա: Բնական է, որ այս արարքը հաճելի և ընդունելի չէր ընդդիմադիր պաշտոնյայի համար, բայց դրան ի պատասխան ո՛չ Ագնեսա Խամոյանը, ո՛չ էլ քայլերթի մասնակիցներից որևէ մեկը ստորացուցիչ վարքագիծ կամ անձնական վիրավորանք չի հասցրել լրագրողին:

 

Ի դեպ, ի տարբերություն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մյուս պատգամավորների, Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահն է՝ երկրի առաջին դեմքերից մեկը: Այս համատեքստում, քաղաքական զսպվածությունը կարևոր պայման է: Պետության բարձրագույն ղեկավարության անդամը պարտավոր է առաջ տանել լավ քաղաքացու, լավ մարդու օրինակը: Թքելը այս հասկացության մեջ չի տեղավորվում:

Եվ հետո, եթե բարձրագույն ղեկավարության անդամը պատրաստ չէ սուր եւ տհաճ խոսքեր լսել իր մասին, ուրեմն քաղաքականությունն իր տեղը չէ, քանի որ քաղաքական գործիչները (թե՛ Հայաստանում, թե՛ Արևմուտքում, թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր) միշտ անպակաս են և՛ առողջ, և՛ անառողջ քննադատությունից:

ԱՄՆ ընդդիմադիր շրջանակներում, օրինակ, Նախագահ Ջո Բայդենին անվանում են «քնկոտ Ջո (sleepy Joe)»: Այո, խոսքի ազատության սկզբունքը կարող է երբեմն տհաճություն պատճառել իշխանություններին: Ապշելու ոչ մի բան չկա, այդպես էլ պետք է լինի:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930