Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին քննիչին մեղադրանք է ներկայացվել տուժողից գումար հափշտակելու համար. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Ապրիլ 06,2023 15:55

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ս. Հ.-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, խաբեության եղանակով տուժողից հափշտակել է 204.000 ՀՀ դրամ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ քննիչ Ս. Հ.-ն քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, իր աշխատասենյակում տվյալ վարույթով տուժող Մ. Բ.-ից շահադիտական նպատակով իբրև իրեղեն ապացույց պահանջել և ստացել է 204.000 ՀՀ դրամ՝ Մ. Բ.-ին կեղծ հավաստիացումներ տալով, թե իբր հիշյալ գումարն անհրաժեշտ է նախաքննության արդյունավետության և քրեական վարույթի օրինական ընթացքն ապահովվելու համար:

Արդյունքում Մ. Բ.-ն նույն օրը քննիչին առձեռն փոխանցել է 204.000 ՀՀ դրամ, որը վերջինս հափշտակել է:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար քննիչ Ս. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու համար):

Նախաքննության ընթացքում Ս. Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: 2022 թվականի հոկտեմբերի 12-ին Ս. Հ.-ի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ, և վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930