Լրահոս
Օրվա լրահոսը

Դա իմ նախորդ կյանքից առաջացած նստվածք է. Վահան Քերոբյան

Ապրիլ 06,2023 15:39

Հայկական բիզնեսը պետք է նոր շուկաներ գրավի, իր ստեղծած ապրանքը տարբեր երկրներ արտահանի և չսահմանափակվի դրանով։ Այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Հայկական բիզնեսն առանց սահմանների. ինչպե՞ս դուրս գալ միջազգային շուկա» խորագրով գործարար համաժողովում։

Համաժողովի խորագիրը շատ էր դուր եկել էկոնոմիկայի նախարարին, քանի որ նա վստահեցնում է, թե Հայաստանի կառավարության նպատակն է հայաստանյան բիզնեսը հասցնել առանց սահմանների մտածողության և զինել նման ամբիցիաներով։

Քերոբյանի խոսքով, այդ մոտեցումը թույլ կտա, որպեսզի հայկական բիզնեսը ոչ միայն տարբեր երկրներ արտահանի, այլ տարածվի, մասնաճյուղեր բացի, նոր շուկաներ գրավի։

«Դա իմ նախորդ կյանքից առաջացած նստվածք է։ Ստեղծել եմ իմ բիզնեսը Հայաստանում, մի քանի մասնաճյուղ էլ բացել եմ արտերկրում։ Չնայած այդ փորձն այդքան էլ հաջող չէր, բայց շատ ընկերություններ պետք է փորձեն դա անել: Իմ նախարար նշանակվելու հաջորդ իսկ օրը հանդիպել եմ Մանթաշյանց ակումբի անդամներին, ընկերություններից մեկի հիմնադիրը խնդիր բարձրացրեց, որ փոքր առաքումների ժամանակ գործում են մեծ մաքսային վճարներ և գործում են մաքսային քաշքշուկներ: Մենք նախաձեռնեցինք փոփոխություններ մաքսային կարգավորումներով, պետական գույքի մասին օրենքում և, ըստ էության, մինչև 1 միլիոն դրամի արտահանումները, այսինքն՝ փոքր ծավալի արտահանումները կառավարությունը վերցրեց մաքսավճարները»,-ասաց «նախորդ կյանքում գլխավոր առաքիչ»՝ ներկայիս նախարար Վահան Քերոբյանը:

Անդրադառնալով ՀՀ տնտեսական իրավիճակին` նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ նախորդ տարի տնտեսական զգալի աճ է գրանցվել։ Այս տարվա առաջին 2 ամսվա արդյունքները նույնպես լավն են. տնտեսական աճի ցուցանիշը 10.9% է։

«Երեկ մենք շատ լավ նորություն ունեցանք ինֆլյացիայի մասին։ Այն կտրուկ նվազել է՝ հասնելով 5.4 %–ի։ Դա նշանակում է, որ դրամավարկային քաղաքականության մասով կարելի է որոշակի թուլացումներ ակնկալել և ֆինանսական միջոցների հասանելիությունն էլ բարձրացնել»,- նշեց նախարարը։

Նա հիշեցրեց, որ լիզինգի միջոցով ընկերություններին աջակցություն է ցուցաբերվում նոր սարքավորումներ ձեռք բերելու համար և հորդորեց օգտվել այդ ծրագրերից: Քերոբյանի խոսքով` դա թույլ կտա արտաքին շուկաներում մրցունակ արտադրանք ստեղծել։

Համաժողովը կազմակերպել էին «Հայ գործարարների ասոցիացիան» և CDEK ընկերությունը (փաստաթղթերի և բեռների արագ առաքման ռուսական օպերատոր)՝ «Տաշիր» ընկերությունների խմբի և էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Համաժողովին մասնակցում էին տնտեսության տարբեր ոլորտների շուրջ 150 հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչներ։

BSC-ի ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Սամվել Գևորգյանը ներկաների հետ կիսվեց արտահանման խթանման արդյունավետ ռազմավարություններով, ինչպես նաև անորոշությունների ժամանակ կիրառվող նոր գործիքներով: «Անորոշությունների ժամանակ շատ ընկերություններ կարողանում են շատ մեծ առաջընթաց գրանցել, երբ ճիշտ ռազմավարություն են մշակում և օգտվում անորոշության իրավիճակից»,-ասաց նա և թվարկեց հայկական այն ընկերություններին, որոնք կորոնավիրուսի շրջանում առաջընթաց գրանցելով՝ նվաճել են արտասահմանյան շուկաներ:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930