Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառում բնակարանային գողություններ էին կատարել

Ապրիլ 06,2023 15:26

Փետրվարի 22-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց ոստիկանության Գավառի բաժնում: Գավառ քաղաքի բնակիչ տանտերերը բացակայել էին նախորդ օրվա երեկոյան ժամը յոթից մինչև գիշերվա երեքը: Վերադառնալով՝ տեսել էին պատուհանը բաց, իսկ ոտնահետքերը տանում էին դեպի պահարան, որի դարակից էլ գողացել էին ոսկյա զարդեր:

Բաժնի օպերատիվ խումբն իրականացրեց անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց:
Նախաձեռնվեց քրեական վարույթ: Քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մշակեցին վարկածներ, որոնցից հավանականն այն էր, որ տուն մտնողները տեղացի են, անցուդարձին ծանոթ:

Մինչ մշակվում էին վարկածները, մարտի 9-ին ստացվեց նմանատիպ նոր հաղորդում` դարձյալ Գավառ քաղաքի բնակչից: Այս անգամ տանտերերը բացակայել էին երեկոյան տասն անց կեսից մինչև գիշերվա մեկն անց կես: Այս անգամ ևս տեխնիկական միջոցներով բացել էին առանձնատան երկրորդ հարկի պատուհանը և ննջարանի պահարանից գողացել ոսկյա զարդեր ու 120 հազար դրամ:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, ձեռնարկեց անհրաժեշտ միջոցառումներ ու դարձյալ արագ արդյունք չեղավ: Իսկ քրեական հետախույզների վարկածը, որ երկրորդ դեպքում էլ բնակարան մտել էին տեղանքին ծանոթ մարդիկ` դարձավ ավելի հավանական: Կասկածելիների շրջանակը գնալով սեղմվում էր:

Ոստիկանության Գավառի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և մարզային քննչական վարչության ծառայողների քննչական գործողությունների արդյունքը ստացվեց ապրիլի 3-ին՝ հետևողական աշխատանքի շնորհիվ: Ձեռք բերվեցին հիմնավոր ապացույցներ, որ երկու դեպքում էլ բնակարանային գողությունը կատարել էին Գավառ քաղաքի բնակիչ, 33 և 37 տարեկան երկու տղամարդիկ: Նույն օրը երկուսն էլ հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և ներկայացվեցին Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Դատարանի որոշմամբ երկուսն էլ կալանավորվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930