ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացավ «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշեց․ «Օրենքի նախագծով ակնկալվում է փոխվարչապետերի հրավերով ՀՀ ժամանող օտարերկրյա փոխվարչապետերի պատվիրակությունների այցելությունների դեպքում՝ հաշվի առնելով շատ երկրներում, այդ թվում ՀՀ-ում փոխվարչապետի գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարումը և այցերի՝ պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու հանգամանքը, այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը իրականացնել պետական արարողակարգի ծառայության ներկայացված հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ եմ հասկանում՝ նմանատիպ կարգավորումները գործում են վարչապետի, արտաքին գործերի նախարարի, նախագահի և ԱԺ նախագահի պարագայում, և այս ցանկին ավելացվում է նաև փոխվարչապե՞տը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը պատասխանեց՝ այո։
Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն էլ հայտնեց․ «Նախագիծը մասնագիտական իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունում։ Ճիշտ է՝ ԱԺ-ի դիտողությունները տեխնիկական են, բայց կարևոր, որպեսզի օրենքներն ունենան պատշաճ տեսք, և չլինեն թյուրըմբռնումներ։ Օրինակ՝ եթե մի տեղ միջազգային կազմակերպությունների բառերից հետո լրացվում են և այլ միջազգային կառույցների բառերը, ապա օրենքում առկա են բազում այլ կարգավորումներ միջազգային կազմակերպություններին վերաբերելի, որտեղ, սակայն, միջազգային կառույցների վերաբերյալ լրացում չի կատարվում, բայց պետք է կատարվի։ Նախագծի նոր խմբագրությամբ սահմանվում է, որ բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստան այցելությունների ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է հաշվետվության հիման վրա, իսկ օրենքի 9-րդ հոդվածում շարունակվում է նշված մնալ, որ ֆինանսավորումը լինելու է ծախսերի նախահաշվի հիման վրա։ Սա էլ պիտի հստակեցնել։ Կամ, եթե անփոփոխ ենք թողնում, բացատրել հիմնավորման մեջ։ Կամ հիմնավորման մեջ չկա բացատրություն, թե օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների՝ ՀՀ-ի այցերի ներկայացուցչական ծախսերի հետ կապված ֆինանսական պարտավորությունը ինչո՞ւ է կառավարության աշխատակազմից փոխանցվել վարչապետի աշխատակազմին։ Դա էլ կարելի է լրացնել»։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց․ «Միայն վերջին մեկնաբանության հետ տարբերությունն այն է, որ այժմ չկա կառավարության աշխատակազմ անվանումով պետական կառավարչական հիմնարկ, հիմա միայն վարչապետի աշխատակազմ կա։ Այդ մասը կարող եք բաց թողնել, մնացած հարցերով առաջինից երկրորդ ընթերցում ուսումնասիրեք այն առաջարկությունները, որ արվել են»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ