ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ»-ի՝ 1 մլրդ 144 մլն դրամի հարկեր թաքցնելուն, որոշ մանրամասներ ներկայացրեց։
«Նույն գործի շրջանակներում սերվերներ էինք հայտնաբերել, որտեղ տարբեր սուբյեկտների թաքցրած շրջանառություն կար։ Մեզ մեղադրում էին, ասում «Նոր Զովք»-ի հիմնական մրցակից կա եւ այլն, իրենք են այդ ամենը կազմակերպել։ Բնականաբար, մենք որեւէ բան չէինք կարող անել, որ այդ սերվերում հայտնվեր նաեւ տվյալ գործարարին պատկանող ընկերություններից մեկի շրջանառության վերաբերյալ տեղեկություններ»,-ասաց Բադասյանը։
Բացատրելով, թե ինչպես է տեղի ունեցել նշված հանցագործությունը, Բադասյանն ասաց․ «Հատուկ կապի միջոցով այնպես, որ նույնիսկ տելեկոմները վերահսկելի չլինեն, «Dark fiber» լարի (լուսանկարում) միջոցով միացում, որը լավ թաքցված գործողություն է եւ հեշտ չէ դրա հայտնաբերումը։ Երկար աշխատանք ենք արել։ Ինֆորմացիա ունենք ոչ միայն առեւտրային ցանցերի մասին, հիմա չեմ ասի, թե որտեղ, ինչ կասկածներ ունենք։ Ամեն դեպքում, մշտապես հսկողություն ենք անցկացնում, եւ եթե մտել ենք այնտեղ, որտեղ մտել ենք, ուրեմն կասկածն այդտեղ է եղել։ Այլ տեղերում էլ իրականացրել ենք մոնիթորինգ, բայց կասկածները չենք հայտնաբերել։ Այսինքն՝ կատարել ենք մեծ քանակի հսկիչ գնումներ եւ համեմատել ենք կտրոնը մեր բազայի տվյալների հետ։ Մի տեղ հայտնաբերվել են խախտումները, մի տեղ՝ ոչ»։
Բադասյանի խոսքով՝ բոլոր տնտեսվարողներն՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից եւ քաղաքական պատկանելիությունից, կապերից, պետք է իմանան՝ եթե հայտնաբերվի ստվերային շրջանառություն, ապա բոլորի նկատմամբ վերաբերմունքը լինելու է նույնը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ