Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նման միջադեպերը պատիվ չեն բերում որեւէ երկրի»․ ԿԳՄՍ նախարարը՝ Ալեն Սիմոնյանի թքելու եւ նրան դավաճան անվանելու միջադեպի մասին

Ապրիլ 06,2023 14:11

«Ես գտնում եմ, որ նման միջադեպերը պատիվ չեն բերում որեւէ երկրի։ Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի նման միջադեպեր առաջիկայում չկրկնվեն։ Այստեղ տեսնում եմ կրթական համակարգի մեծ դերը, ցանկացած իմաստով նաեւ մշակութային, սպորտի, կրթության ոլորտում․․ ․սրանք այն ոլորտներն են, որ մեծ ներուժ ունեն հանրային համերաշխության հարցում»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ կարծիք ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ սփյուռքահայ երիտասարդի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին։

Հիշեցնենք, օրերս Ալեն Սիմոնյանը իրեն դավաճան անվանած քաղաքացու վրա թքել է։

ԱԺ-ում ընդդիմության ՄԻՊ թեկնածու առաջադրման քննարկման ժամանակ էլ իշխանական պատգամավորները վիրավորանքներ են հնչեցրել թեկնածու Էդգար Ղազարյանի հասցեին՝ «լեզուն կկտրեմ, անասուն, ծաղրածու եւ այլն։

Այս միջադեպի մասին էլ նախարարն ասաց․ «Ես գտնում եմ, որ ՄԻՊ ինստիտուտն ընդհանրապես, եւ հետեւաբար դրա հետ կապված բոլոր քննարկումները պետք է լինեն այն ոճի եւ տոնայնության մեջ, որոնք հենց խոսում են մարդու իրավունքների, դրանց հանդեպ հարգանքի մասին։ Ցավում եմ, որ հնարավոր չի եղել ապահովել մակարդակը եւ այստեղ պետք է հարցադրում անել՝ ինչո՞ւ հնարավոր չի եղել, միգուցե որոշ մարդկանց կողմից այդ ինստիտուտն այն աստիճան անլրջացվել է, որ արդեն իսկ այդ ամբողջ քննարկումը վերածվում է ֆեյքային քննարկման։ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը պետք է լինի կարեւորագույն ինստիտուտ, եւ դա պետք է երեւա ցանկացած քննարկման մակարդակից»։

Հարցին՝ երբ նշում էիք կրթության խնդիր կա, դա վերաբերում է նաեւ իշխանությա՞ն ներկայացուցիչներին, նախարարը պատասխանեց․ «Ես չեմ առանձնացնի որեւէ մեկին, ում համար չկա իր վրա շարունակաբար աշխատելու կարիք»։

Դիտարկմանը՝ երբ ԱԺ քպ-ական պատգամավորը վիրավորում է, սպառնում է լեզու կտրել, դա կրթությա՞ն պակաս է, թե՞ դաստիրակության, Անդրեասյանը պատասխանեց․ «Դուք հիմա ինչ-որ կտորներ եք բերում եւ մեկնաբանություն ուզում։ Բայց իրավիճակը պետք է նայել ամբողջության մեջ եւ տալիս եք գնահատականներ ․․․ փաստը, որեւէ մեկն արձանագրե՞լ է, կա՞ իրավական գնահատական»։

Իսկ եթե փողոցում Ժաննա Անդրեասյանին դավաճան անվանեին, ինչպիսի՞ն կլիներ նրա արձագանքը, ի պատասխան այս հարցի՝ նախարարն առաջարկեց նման համեմատություններ չանել, որովհետեւ, ըստ նրա, իրավիճակները խիստ տարբեր են լինում, եւ ամեն իրավիճակում մարդու արձագանքը կարող է տարբեր լինել․ «Ես կարծում եմ, որ պետական պաշտոնը եւ դիրքը ենթադրում է նաեւ որոշակի հանրային վարքագիծ»։

Նախարարի դիտարկմամբ՝ այսօր մեզ պետք է հանրային համերաշխություն, որովհետեւ նշված միջադեպերը ցույց են տալիս, թե ինչ խորքային խնդիրներ ունենք․ «Ես նորմալ չեմ համարում, որ մեկս մյուսին այդպես անվանենք կամ իրար էդպես վերաբերվենք։ Պետք է հասնենք մի իրավիճակի, որտեղ կարող են բաց խոսել մեր անհամաձայնությունների մասին եւ միեւնույն ժամանակ չանցնել վիրավորանքի»։

Հարցին՝ արդյոք նախարարը երբեւէ հարձակման ենթարկվե՞լ է, ի պատասխան նա հիշեցրեց, որ իր նշանակման օրվանից պարբերաբար թիրախավորվում է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930