Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Քրեյզի» գիշերային ակումբի անվտանգության երկու աշխատակցի նկատմամբ օրեր առաջ իրականացված հնարավոր հաշվեհարդարից:
Պարզվում է՝ հաշվեհարդարը տեղի է ունեցել մարտի 27-ի երեկոյան: Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի «Զոնտիկների» կանգառից փոքր ինչ ներքև, արծաթագույն «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ընթացքի մեջ գտնվող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին։ Հանգամանքները պարզելու նպատակով ավտոմեքենան կանգնեցնելուց «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, որոնք Երևան քաղաքում գործող «Քրեյզի» ակումբի անվտանգության աշխատակիցներ են և եղբայրներ, ծեծի են ենթարկվել նշված, ինչպես նաև մոտեցած ևս մեկ՝ «Վազ» մակնիշի ավտոմեքենայից դուրս եկած մի խումբ անձանց կողմից:
Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդների նկատմամբ բռնությունները կարող են կապված լինել դեպքից մի քանի օր առաջ նշված ակումբում՝ ակումբի աշխատակից եղբայրների և մի քանի անձանց միջև տեղի ունեցած ընդհարման հետ։ Ծեծի ենթարկված եղբայրները վարույթի շրջանակում ճանաչվել են տուժող:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, համապատասխան բուժհաստատություններից առգրավվել են տուժած անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Տուժածների ավտոմեքենայի վնասման հետ կապված՝ նշանակվել է նաև դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կարդացեք նաև
Միջադեպին մասնակից մի քանի անձանց ինքնությունը պարզվել է, միջոցներ են ձեռնարկվում մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններն անհատականացնելու և արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։ Ոստիկանությանը տրվել է դրանից բխող հանձնարարություն։
Aravot.am-ի տեղեկություններով՝անվտանգության աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթով բացահայտված անձանց մեջ են հայտնի հեղինակություններ Յուվեցի Նորոն, Յուվեցի Վարդգեսը եւ Էրեբունցի Հովոն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ