Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արդյունաբերական աղը չպետք է հայտնվի սննդային արտադրատեսակում». ՍԱՏՄ մամուլի պատասխանատու

Ապրիլ 06,2023 13:16

Aravot.am-ը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանից հետաքրքրվեց՝ ահազանգեր ստանո՞ւմ են՝ սննդի մեջ արդյունաբերական կամ տեխնիկական աղ օգտագործելու վերաբերյալ, եւ ինչպե՞ս են վարվում նման դեպքերում:

«Մենք վերահսկում ենք միայն կերակրի աղը՝ եւ սահմանից ներմուծվող, եւ իրացման ցանցում իրացվող: Բնականաբար, աղը ցանկացած տեղից որ գալիս է, փորձաքննություն է անցնում, որովհետեւ պետք է յոդի պարունակությունը լինի իր մեջ այնքան, որքան պահանջվում է, նոր միայն ներմուծվի: Այսինքն` աղը բոլոր պարամետրերով ստուգվում է:

Ներմուծվում է նաեւ տեխնիկական կամ արդյունաբերական աղ: Գիտեք, որ կան որոշակի տեխնոլոգիաներ, որոնք պահանջում են չյոդացված աղ: Տեխնիկական կամ արդյունաբերական աղը ներմուծվում է առանց մեր վերահսկողության, որովհետեւ նախատեսված չէ սննդի համար եւ դա վերահսկելու իրավունք չունենք:

Իհարկե, բողոքներ ստանում ենք, որ ինչ-որ տեղերում վաճառվում է չյոդացված աղ, արդյունաբերական աղ՝ դրված սննդի բաժիններում: Մենք պարտադիր գնում եւ պնդում ենք, որ այդ աղերը, որոնք արդյունաբերական են, առանձնացվեն կերակրի աղերից, դրվեն ոչ պարենային ապրանքների բաժնում, որպեսզի շփոթ չառաջանա »,-ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

«Այն կազմակերպությունները, որոնք պետք է իրենց տեխնոլոգիաների համար օգտագործեն ոչ յոդացված կերակրի աղ, դա պետք է ձեռք բերեն Հայաստանում, օգտագործեն Հայաստանի աղը, որովհետեւ ներմուծման իրավունք ոչ յոդացված կերակրի աղի՝ չկա, արգելված է, այդպիսի դրույթ չկա: Այսինքն, եթե ներմուծվում է կերակրի աղ, այն պետք է անպայման լինի յոդացված:

Իսկ եթե ներմուծվում է արդյունաբերական աղ, որի իրավունքի իրավունքը կա, այն չպետք է հայտնվի սննդային որեւէ արտադրատեսակում, կարող է օգտագործվել միայն մորթու մշակման ժամանակ, արդյունաբերական որոշ ճյուղերի մեջ, ձյունը հալեցնելու համար եւ այլն: Դա կերակրի մեջ չի կարող օգտագործվել»,-հավելեց Անուշ Հարությունյանը:

Նա ասաց, որ եթե գնում են ստուգելու սննդի արդյունաբերությունը, անպայման ստուգում են, թե ինչ բաղադրություն ունի արտադրվող սննդի մեջ օգտագործվող աղը: Անուշ Հարությունյանի խոսքով, «թղթերով» ամեն ինչ կարգին է. «Եթե երեւա, որ արդյունաբերական աղ է եւ ոչ յոդացված, բնականաբար իրենք կտուգանվեն: Բոլոր փաստաթղթերով մարդիկ ապացուցում են, որ իրենք ձեռք են բերում կամ Հայաստանում արտադրված ոչ յոդացված աղ՝ արդյունաբերական գործընթացի համար, կամ այդ աղը պետք է լինի յոդացված, եթե ներկրվում է: Այո, պատահում է, որ բողոքներ ենք ստանում, որ չյոդացված աղը, վրան էլ գրված արդյունաբերական աղ, դրվում է կերակրի բաժիններում եւ վաճառվում է, ինչը մեր պնդմամբ հանվում է կամ տեղափոխվում ոչ պարենային ապրանքների բաժին»:

Հիշեցնենք , որ ըստ ՊԵԿ-ից Aravot.am-ին տրամադրված տեղեկատվության, 2022թ 6359,2 տոննա արդյունաբերական աղ է մտել Հայաստան, որ 99,1%-ը, այսինքն`6300,7 տոննան, ներմուծվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից: Էկոնոմիկայի նախարարությունից էլ Aravot.am-ին փոխանցել էին, որ տեղեկություն չունեն, թե տնտեսության որ ճյուղերում է օգտագործվում ավելի քան 6000 տոննա ներմուծված արդյունաբերական աղը:

Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ՝ հաջորդիվ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930