Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարկային հավաքագրումներին, ասաց՝ այստեղ դեռ խորքային լուրջ խնդիրներ կան։
Նա նաեւ, իր ձեւակերպմամբ՝ լավ լուր հայտնեց՝ վերջերս իրավապահ համակարգի գործունեության արդյունքում հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա է բացահայտվել․ «Այն մեզ դեռ շատ ինֆորմացիա կտա։ Ուզում եմ հստակ լինի այս ուղերձը՝ հարկերից խուսափելու , եւ ընդհանրապես, օրենքի հետ կապված հարցերում, որեւէ մեկը որեւէ կոմպրոմիսի հույս չի կարող ունենալ, որովհետեւ մեր երկրի այսօրվա եւ ապագայի կարիքները հոգալու, պետության հնարավորության մասին է խոսքը»։
Փաշինյանը քաջալերեց իրավապահ մարմիններին, որպեսզի նշված ուղղությամբ աշխատանքները շարունակեն։
«Մանրամասներին շատ տեղյակ չլինելով՝ասեմ՝ վերջապես լրահոսում տեսնում ենք, որ թափ է առնում մի գործընթաց, որի մասին մենք վերջին հինգ տարիների ընթացքում անընդհատ խոսել ենք, եւ որի բացակայության համար ամենաշատն ենք քննադատվել։ Խոսքը ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմների մասին է։ Այսօր գլխավոր դատախազությունն այս ուղղությամբ շատ ակտիվ աշխատում է, եւ հույս ունեմ, որ հարցի էությունը իրավաբանական բանավեճերի մեջ չի կորսվի։ Ընդգծեմ՝ ապօրինի գույքի թեման եւ հարկերից խուսափելու թեման պետք է շատ հստակ արձանագրենք, թե ինչի մասին է։ Դա մեր երեխաների չստացած կրթությունն է, մեր անվտանգային չապահովված իրավիճակն է, դա մեր երկրի բարեկեցության մակարդակն է եւ այլն։ Բաներ կան, որ այլեւս անվերադարձ կորսված են, ամենակարեւորը՝ ժամանակը»։
Կարդացեք նաև
Փաշինյանն ասաց՝ կառավարության եւ քաղաքական մեծամասնության քաղաքական կամքն է՝ որ այս ամենը երբեք չի վերաբերվել եւ չի կարող վերաբերվել միայն նախկինում տեղի ունեցած դեպքերին․ «Մեզ համար սկզբունքային տարբերություն չկա դա երեկ է տեղի ունեցել, թե այսօր է տեղի ունենում։ Մեր խնդիրին է՝ ապահովել, որ վաղը դա տեղի չունենա»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ