Իսրայելցի քաղաքագետ, քաղաքական ակտիվիստ Յարոն Վեյսը երեկ քայլարշավ է սկսել հանուն Արցախի։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց ինքը՝ իսրայելցի քաղաքագետը։ Նա նշեց, որ որոշել է քայլարշավ սկսել եւ այն նվիրել բլոկադայի մեջ գտնվող արցախցիներին։ Քայլարշավը նա կիրականացնի Իսրայելի Գալիլեա տարածքում, որի բնապատկերը նմանեցնում է Արցախին։ Վեյսն ասում է՝ հետաքրքիր է, որ չափերով էլ են նման։ Քաղաքական ակտիվիստը շեշտում է, որ այս քայլարշավն իրեն հիշեցնում է, թե ինչպես «Ճանապարհ արահետով» քայլելով անցել է ամբողջ Արցախը՝ դա Կովկասում առաջին արահետների ցանցն էր, որի մեծ մասն այժմ հիմա թշնամական օկուպացիայի տակ է։
«Արցախի ժողովրդին կարեկցելու, Իսրայելում եւ ողջ աշխարհում նրանց ծանր վիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար ես որոշեցի անցնել Գալիլեան՝ Միջերկրական ծովի արեւմտյան կողմից մինչեւ Հորդանանի հովտի արեւելյան կողմը՝ Գալիլեայի ծովի ափերը։
Նախատեսում եմ մի քանի օր արշավել՝ Արցախի դրոշը ձեռքիս, որպեսզի հիշեցնեմ բազմաթիվ մարդկանց, ում կհանդիպեմ, որ այս ճանապարհորդությունը նվիրված է այն հերոսներին, որոնք ապրում են իրենց հինավուրց հայրենիքում, չնայած բոլոր դժվարություններին։ Հայրենիքը, որը շատ նման է Գալիլեային»,-ասաց Յարոն Վեյսը։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: