«Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամներն այսօր Գարեգին Նժդեհի արձանի մոտից կմեկնեն Սյունիք: Սա նախաձեռնության անդամների երկրորդ այցն է Սյունիք՝ վերջին մի քանի օրերի ընթացքում:
Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ, Սյունիքի Տեղ գյուղում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումից մեկ օր անց, նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մոր՝ Նաիրա Մելիքյանի գլխավորությամբ, զոհվածների ծնողները, հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ մեկնել էին Տեղ գյուղ՝ տեղում հասկանալու համար իրողությունները:
Նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք կցանկանային մեկնել Ստեփանակերտ. «Բայց, ինչպես երեւում է, անգամ խաղաղապահ ուժերը չեն կարողանում ադրբեջանական «էկոակտիվիստներին» համոզել, որպեսզի նրանք բացեն ճանապարհը եւ, հավանաբար, մեր ոստիկանությունը, որը կանգնած է արդեն Կոռնիձորի մոտ եւ թույլ չի տալու առաջ շարժվել, ուստի մենք գնալու ենք Տեղ գյուղ, որտեղ թշնամին ոչ միայն բարձունքներ է գրավել, այլ նաեւ գյուղացիների սեփականություն հանդիսացող մշակահողերը, արոտավայրերը, մարդիկ չեն կարողանում գարնանացանի աշխատանքներ սկսել: Կհանդիպենք մարդկանց հետ՝ կզրուցենք, կհասկանանք նրանց պահանջները, հասկանանք, թե մենք ի՞նչ կարող ենք անել, իշխանությունն ի՞նչ պետք է աներ եւ չի արել, տեղական իշխանության մարմինների հետ խոսենք՝ հասկանանք, թե ի՞նչ խնդիրներ կան, ինչո՞ւ հայկական զորքը չի դիմադրել ու չի կանխել ադրբեջանական առաջխաղացումը»:
Այցի արդյունքները կամփոփվեն երեքշաբթի օրը, Ազատության հրապարակում, նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ, կներկայացվեն նաեւ նախաձեռնության անդամ ուժերի պատկերացումները՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ