Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում էին մեր հիվանդներին Շուշի տանել, բայց մենք ու խաղաղապահները թույլ չտվեցինք». «Հրապարակ»

Ապրիլ 06,2023 11:13

Զրուցել ենք ավտոբուսի մեջ շուրջ հինգ ժամ ադրբեջանցիների ու ռուս խաղաղապահների տեղակայման գոտում մնացած, բայց Գորիս վերադարձած արցախցի 56-ամյա Մարգարիտա Միրզոյանի հետ։ Տիկին Միրզոյանը քրոջ հետ Արցախից դուրս է եկել անցած տարվա նոյեմբերի վերջերին, դեկտեմբերի 12-ին Լաչինի ճանապարհը փակվելուց հետո մինչ օրս մնացել է Գորիսում, իսկ ամուսինն Արցախում է։ Կինը պատմում է, որ նախապես խաղաղապահներն իրենց ասել են, որ ադրբեջանցիների հետ համաձայնեցրել են եւ ապահովելու են իրենց անվտանգ մուտքը Ստեփանակերտ, սակայն հասնելով անցակետին, որտեղ իբր էկոակտիվիստներն են, կանգնեցրել են ավտոբուսը, ադրբեջանցիներից մի հոգի բարձրացել ու շրջել է ավտոբուսի մեջ, նկարել ուղեւորների ցուցակն ու իջել, որից հետո իրենց փոխանցել են, որ թույլ չեն տալիս անցնել, պիտի սպասել․ «Խաղաղապահները նախապես մեզ ասել էին, թե տեղյակ են թուրքերը (ադրբեջանցիները), հետո ընդեղ թուրքն ասաց, որ տեղյակ չեն։ Ռուս աֆիցերը մեզ ասաց, որ սուտ են ասում։ Մենք այնպես հասկացանք, որ թուրքերի բարձր պաշտոնյաները չեն թողնում, որ անցնենք»։ 27 հոգանոց ավտոբուսը Գորիսից ժամը 4-ի կողմերը դուրս է եկել, սակայն մինչեւ գիշերվա երկուսը մնացել են անցակետում․ «Հինգ ժամից ավել սպասել ենք, հինգ ժամ հետո մեր կնանիքից վատացան այդ ներշնչանքից, իրենց տեղափոխեցին Ստեփանակերտի հիվանդանոց, մենք մինչեւ գիշերվա երկուսը մնացինք այնտեղ, մինչեւ համոզվեցինք, որ մեր հիվանդները հասել են Ստեփանակերտ, նոր մեզ վերադարձրին Գորիս, որովհետեւ իրանք ուզում էին մեր հիվանդներին Շուշի տանել, բայց մենք ու խաղաղապահները թույլ չտվեցինք»։

Կինը պատմում է, որ իրենք չեն վախեցել․ «Սաղ ջահել լակոտներ էին, մենք ըտե՜նց բաներ ենք տեսել, որ իրենցից վախենայինք, մենք նույնիսկ տեսանք, որ զինված՝ ավտոմեքենայով եկան կանգնեցին բնապահպան կոչվածների կողքին, բայց ոչ մի վախ էլ չի եղել։ Իսկ կնանիք վատացան ներշնչանքից, վատառողջ էին, ներվերը չդիմացան։ Մեկի ճնշումը բարձրացավ, մեկինը իջավ, մեկը շաքար ուներ։ Իրանք դերի մեջ էին, իրանց ընենց էին դրսեւորում, թե՝ տեսեք, մենք ինչքան բարի ենք, պատրաստ ենք ձեզ օգնել։ Մի անգամ մի հոգի բարձրացավ, հաշվեց, թե քանի հոգի ենք, ու իջավ, բարեւեց մեզ, ռուսերենով հարցրեց՝ վախենո՞ւմ եք, մի վախեցեք, բայց մենք արհամարհեցինք, ոչ մի բան չխոսեցինք»։

Ի դեպ, հայտնի միջադեպից հետո արցախցի կանանց օգնություն ցուցաբերած բժիշկն ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել էր, թե ադրբեջաներեն է խոսել կանանց հետ, իսկ մեր զրուցակիցը պատմեց հակառակը․ «Ես խաղաղապահների մոտ կանգնած էի, երբ ադրբեջանցի բժիշկը մեր հիվանդին օգնություն ցույց տալուց հետո եկավ ու ռուսերենով ասաց՝ մի անհանգստացեք, ձեր հիվանդները նորմալ են, չեն անհանգստանում, հետո էլ շեշտեց, որ ես դաժե հայերեն եմ իրանց դիմել, որ չվախենան, ամեն ինչ կարգին ա»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ տպավորություն չունե՞ն, որ ռուսներն ու ադրբեջանցիները նախապես պայմանավորվել են, որ արցախցիները նման միջադեպերից հասկանան՝ ինտեգրումն այլընտրանք չունի։ «Չէ, մենք նման բան չենք նկատել, ավտոբուսի մեջ մեզ ուղեկցողները շատ սրտանց մեր կողմից էին, մեկն իրա քթի տակ ասաց, որ իրանց բախտը բերում է, որ մերոնք Ուկրաինայում զբաղված են»։

Մարգարիտա Միրզոյանը համոզված է, որ ինչ էլ լինի՝ արցախցիները չեն հեռանա Արցախից․ «Տեսեք, երեք ամիս է՝ իմ հետ շատ մարդիկ կան, կարան գնան Ռուսաստան, Երեւան գան, շատերը երեխաներ ունեն Ռուսաստանում, բայց ոչ մեկը չի փախչում, ու որոշել են վերադառնալ Արցախ»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930