Սկիզբը` այստեղ:
Պաշտոնական Բաքուն առաջին անգամ Թեհրանին մեղադրեց զինված հարձակում կազմակերպելու մեջ
Իրանա-ադրբեջանական հարաբերություններում գոյություն ունեցող բավական ակնառու ճգնաժամի արդեն ավանդական դարձած պատճառներին՝ Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների խորացմանն ու Հայաստանի սահմաններին ադրբեջանական զորքերի կուտակումներին ավելացավ եւս մեկը։ Ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձն էր, որի իրագործման մեջ ադրբեջանցի իշխանամետ խորհրդարանականները շտապեցին մեղադրել Թեհրանին։
Սակայն, ոչ միայն պատգամավորները, մեղադրանքի սլաքները նաեւ պաշտոնական Բաքուն ուղղեց դեպի Իրան… «Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձի նախաքննության առաջին հետքերը տանում են դեպի Իրան», – օրերս հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն՝ մեղադրելով նաեւ Իրանի իշխանություններին Բաքվի նկատմամբ թշնամական գործողություններ իրականացնելու, սադրանքների եւ Երեւանի հետ հարաբերությունները սերտացնելու մեջ։ «Հայ-իրանական եղբայրությունը շարունակում է սպառնալիք հանդիսանալ այս տարածաշրջանի համար», – ասել է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության խոսնակը՝ պնդելով, թե Իրանը` «30 տարի որեւէ նշանակություն չէր տալիս Ղարաբաղի եւ Արեւելյան Զանգեզուրի օկուպացիային»։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի` Իրանի կողմից Ադրբեջանի հասցեին սպառնալիքներն ու սադրանքները շատացել են, սակայն «իրանական կողմից այս սպառնալիքները երբեք չեն կարող վախեցնել Ադրբեջանին»։
Կարդացեք նաև
Այսպիսով, Ադրբեջանի իշխանություններն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեցին, որ զինված հարձակման հետեւում ամենայն հավանականությամբ Իրանն է կանգնած։
Իրանական դիվանագիտական գերատեսչության խոսնակ Նասսեր Քանանին ավելի վաղ հայտարարել էր, թե Իսրայելը փորձում է Ադրբեջանի տարածքը դարձնել սպառնալիք Իրանի ազգային անվտանգության համար: «Ընդհակառակը՝ Իրանի տարածքից են Ադրբեջանի դեմ սպառնալիքներ հնչում, ու սադրանքներ իրականացվում։ Օրինակ՝ Իրանի կողմից Ադրբեջանի սահմանների երկայնքով մեկ անցկացվող զորավարժությունները, սահմանին ռազմական թռիչքները, իրանցի պաշտոնյաների հակաադրբեջանական հայտարարությունները»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան եւ հավելել, որ անցած օրերին Բաքվում ադրբեջանցի պատգամավորի դեմ «ահաբեկչության» հետաքննության նախնական հետքերը եւս տանում են դեպի Իրան։
Հաջիզադեի այս աղմկահարույց հայտարարությունը հնչել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարություններին ի պատասխան։ Քանանին պնդել էր, որ օրերս Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենի՝ Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսում հնչեցրած հայտարարությունները՝ «Ադրբեջանը՝ Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող պլացդարմի վերածելու մտադրությունների եւս մեկ վկայությունն էին»։ Քանանիի պնդմամբ՝ ադրբեջանական իշխանությունները այս առթիվ պետք է հստակ բացատրություններով հանդես գան՝ մեկնաբանելով Քոենի այն հայտարարությունը, որի համաձայն Իսրայելն ու Ադրբեջանը «միասնական ճակատ են ձեւավորում ընդդեմ Իրանի»։ ԱԳՆ խոսնակը նաեւ հույս էր հայտնել, որ Ադրբեջանի իշխանություններին կհաջողվի խուսափել այն դավադրության զոհը դառնալուց, որը նյութում են Բաքվի եւ Թեհրանի բարիդրացիական հարաբերությունների հակառակորդները։
Իրանից հնչող հայտարարությունները հիմք ընդունելով կարելի է արձանագրել, որ Թեհրանին մտահոգում են դեռեւս 2020թ. աշնանը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Սիրիայից Ադրբեջան բերված զինյալները, այդ թվում՝ «Իսլամական պետություն» խմբավորման անդամները։ Թեհրանից օրերս էլ արձանագրեցին, որ «Իսլամական պետության» ահաբեկիչների հարցը առկա խնդիրներից եւս մեկն է եւ որ Թեհրանը որեւէ հավաստի ապացույց այդպես էլ չի ստացել, որ կվկայեր այն մասին, որ` «այդ տարրերը լքել են տարածաշրջանը»։
Բացի այդ, արդեն որերորդ անգամ, այս անգամ էլ` իրանցի զինվորականի մակարդակով շեշտեցին, որ Թեհրանը շարունակաբար անհանգստություն է հայտնում 2020թ. պատերազմից հետո՝ Հարավային Կովկասում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։ Հետաքրքրական է, որ Բաքվում Հայաստանի գլխավոր դաշնակիցներ, բացի Ֆրանսիայից, համարում են նաեւ Իրանին:
Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա Ադրբեջանի քայլերը լիովին ստեղծում են առիթներ անհանգստությունների համար: Դրանցից ամենաթարմը Ադրբեջանի եւ Իսրայելի արտգործնախարարների հայտարարություններն էին, որոնք այլ կերպ, քան հակաիրանյան, դժվար է անվանել եւ դժվար չէր կանխատեսել, որ Թեհրանից լրացուցիչ անգամ բարձր մակարդակով կզգուշացնեն, որ թույլ չեն տա Ադրբեջանի տարածքը դարձնել սպառնալիք Իրանի ազգային անվտանգության համար:
Ի դեպ, օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել, որտեղ նրա ձեւակերպմամբ` «ազատագրված տարածքներում» եւ «վերահսկողության տակ վերցված նոր բարձունքներում» «սադրանքները վճռականորեն ճնշելու ուղղությամբ» հանձնարարականներ է տվել։ Մեկնաբանելով ադրբեջանական բանակի «հաջող գործողությունների հետ չհամակերպվողների հայտարարությունները»՝ նա ընդգծել է, որ «ոչ ոք իրավունք չունի իրենց հետ խոսել սպառնալիքի լեզվով»։ Համաձայն նախարարության հաղորդագրության՝ Հասանովը նշել է, թե «ահաբեկչության եւ օկուպացիայի քաղաքականությանն աջակցող երկրների զինվորականների զրպարտչական բնույթի մեղադրանքներն անընդունելի եւ անհեթեթ են»:
Ըստ էության, Հասանովի այս հայտարարությունն արձագանք է իրանական կողմի վերջին հայտարարություններին, իսկ ավելի հստակ` իրանական դիվանագիտական գերատեսչության խոսնակի ավելի վաղ հայտարարության, թե Իսրայելը փորձում է Ադրբեջանի տարածքը դարձնել սպառնալիք Իրանի ազգային անվտանգության համար:
Ապրիլի 1-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքեց ադրբեջանցի գործընկերոջ կողմից իսլամական հանրապետությանն ուղղված նոր մեղադրանքներին: Քանանին Twitter-ում հիշեցրել էր, որ խնդրել էին Ադրբեջանի կառավարությանը բացատրել Իսրայելի արտգործնախարարի խոսքերն Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու պայմանավորվածության մասին։ «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանել եւ նոր մեղադրանքներ է ներկայացրել Իրանի հասցեին։ Բաքվի լռությունը արդյոք չի՞ նշանակում, որ երկիրը հաստատում, անուղղակի հավանություն է տալիս իր ռազմավարական գործընկերոջ խոսքերին»,- հարց է ուղղել Իրանի ԱԳՆ խոսնակը:
Նույն օրն ավելի ուշ նաեւ հայտնի դարձավ, որ Թեհրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված այդ երկրի ԶԼՄ-ների կողմից Իսլամական Հանրապետության դեմ ձեռնարկած վիրավորական գործողությունների հետ: Բաքվում Իրանի դեսպանատունը իր խիստ բողոքն է արտահայտել ադրբեջանական լրատվամիջոցների ձեռնարկած միջոցների դեմ եւ կոչ է արել անհապաղ դադարեցնել դրանք։ Իրանի դիվանագիտական առաքելությունը նաեւ զգուշացրել էր երկու երկրների հարաբերությունների համար անհարգալից գործողությունների վնասակար հետեւանքների մասին:
Ի վերջո, Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը Իրանին Մուստաֆայի դեմ մահափորձի մեջ մեղադրանքներ ներկայացնելու հարցում ապահովեց իրավական հիմք: Ապրիլի 3-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնեց, թե բացահայտել է Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մարտի 28-ին տեղի ունեցած մահափորձի հեղինակների ինքնությունը։ Կառույցի պնդմամբ՝ հարձակման կազմակերպիչը 47-ամյա կրոնական ակտիվիստ Ազեր Սարիջանովն է, կրթություն է ստացել Իրանի կրոնական կենտրոն համարվող Ղոմ քաղաքում, հետագայում եւս հաճախ է այցելել հարեւան երկիր։ Մուստաֆայի դեմ մահափորձի անմիջական իրականացնողը, ըստ ադրբեջանական հատուկ ծառայությունների, եղել է 1986-ին Աղդամի շրջանում ծնված Սաբուհի Շիրինովը։ Նա, ըստ նախաքննական մարմինների, 2017-ից 2022-ին 15 անգամ այցելել է Իրան, որտեղ հավաքագրվել է այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ «Բացի այդ, նա Իրանում մարտական պատրաստության դասընթացներ է անցել», – Ադրբեջանի անվտանգության ծառայության հայտարարությունն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «պատգամավորի դեմ ահաբեկչական հարձակումն իրականացվել է Իրանի հատուկ ծառայությունների պատվերով՝ նրանց ֆինանսական եւ կազմակերպչական աջակցությամբ»։ Հայտնի է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Բաքվում չորս հոգու են ձերբակալել, ովքեր կասկածվում են պատգամավորի դեմ հարձակման մեջ։
Նույն օրը Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբասը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել պատասխան նոտա։ Լրատվամիջոցները հայտնում էին, թե դեսպանին տրամադրել են իրանական լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հակաադրբեջանական հոդվածներ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարել է Իրանում հրատապ միջոցներ ձեռնարկելու կարեւորության մասին՝ իրանական լրատվամիջոցներում «հակաադրբեջանական կեղծ եւ կողմնակալ» հրապարակումների ի հայտ գալը կանխելու համար։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 05.04.2023