Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ Քրեական օրենսգրքից հանվել է բուժաշխատողների նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի հետ կապված կոնկրետ հոդվածը: Թե ինչ մասնագիտական քննարկումների արդյունքում է հանվել այդ հոդվածը՝ հայտնի չէ, համենայնդեպս, բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքեր, ցավոք, դեռ արձանագրվում են, ուստի այդ ֆոնին գուցե պետք է քննարկել իրավակարգավորումները խստացնելու հարցը: Որքանո՞վ են այսօր բուժաշխատողները պաշտպանված, այս եւ այլ հարցերի մասին զրուցել ենք Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Իրավաբանական բաժնի եւ «Առողջապահական իրավունք» դասախոսական խմբի ղեկավար Մելիք Սողոմոնյանի հետ:
– Պարոն Սողոմոնյան, մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ Քրեական օրենսգրքում գործել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու հետ կապված հոդված: Նոր Քրեական օրենսգրքով բուժաշխատողների նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի հետ կապված կոնկրետ հոդված նախատեսված չէ։ Սա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է հանվել այդ հոդվածը, այսինքն, Ձեզ որեւէ մասնագիտական քննարկում, հիմնավորում հայտնի՞ է: Տրամաբանությունը հուշում է, որ երբ մեր հասարակությունում բժիշկը օր օրի ավելի անպաշտպան է դառնում, հոդվածը պետք է խստացվեր, ոչ թե հանվեր:
– Իրավացի եք, ՀՀ Քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ առկա էր 130.1 հոդվածը, ըստ որի՝ քրեական պատասխանատվություն էր նախատեսված բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելու դեպքերում: Երբ այդ արարքը կկատարվեր բուժաշխատողի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` նախատեսվում էր պատիժ տուգանքի տեսքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Սակայն նախատեսված էր նաեւ կալանք` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով, եթե բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը կկատարվեր նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Ցավոք, նոր Քրեական օրենսգրքով հատուկ բուժաշխատողի համար նմանատիպ դրույթ առկա չէ: Իսկ թե ինչու է հանվել, չեմ կարող ասել:
– Որքանո՞վ են օրենսդրորեն եւ պրակտիկ դաշտում առկա մեխանիզմները բավարար մասնագիտական գործունեություն իրականացնող բժշկին ոտնձգություններից պաշտպանելու համար:
Կարդացեք նաև
– Կարծում եմ, Հայաստանում բուժաշխատողները բավականին անպաշտպան են եւ մասնագիտական, եւ ֆիզիկական պաշտպանության իմաստներով: Բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը գրեթե կանոնակարգված չէ: Բուժաշխատողների մասնագիտական գործունեության հիմնական չափորոշիչներ սահմանված չեն, բացակայում են կլինիկական ուղեցույցները: Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ չի գործում «Միասնական կլինիկական ուղեցույցներ», այսինքն` բժշկման նախընտրելի մեթոդների մասին միատեսակ ցուցումներ: Արդյունքում, շատ դեպքերում, հնարավոր չի լինում որոշել կամ հասկանալ բժշկական օգնության մեթոդների արդյունավետությունը: Սա խնդիր է, քանի որ բժիշկները հնարավորություն չեն ունենում պնդելու կամ ապացուցելու իրենց կողմից իրականացրած բժշկման մեթոդների հիմքերը: Ընդ որում, միասնական կլինիկական ուղեցույցների բացակայության դեպքերում պացիենտներն էլ են անպաշտպան, քանի որ բախվում են բժշկման բազմաթիվ մեթոդների ընտրության հարցին: Սա թերեւս հանգեցնում է բժիշկների նկատմամբ որոշակի անվստահության:
Բժիշկները նաեւ ունեն ֆիզիկական պաշտպանություն ունենալու խնդիրներ: Այո, ցավոք, պացիենտների առողջության եւ կյանքի ծայրահեղ վտանգի դեպքերում հարազատները շատ անգամ ոչ ադեկվատ գործողությունների են հակված լինում:
– Այս տարվա փետրվարի լույս 25-ի գիշերը «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված հիվանդներից մեկի հարազատները հիվանդանոցի ընդունարանում կատարել են խուլիգանություն, հարվածներ են հասցրել հերթապահ բժշկին եւ շտապօգնության մեքենայի վարորդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Խուլիգանությունը կատարել են կապանցի 31 եւ 30 տարեկան երկու երիտասարդ, որոնք ներկայացվել էին Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Սա առաջին դեպքը չէ: Հիշենք անցյալ տարվա դեպքը, երբ հայրը եւ որդին Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության աշխատակիցներին հայհոյել էին, վնասել հիվանդանոցի գույքը, շտապօգնության ավտոմեքենայի վարորդին, բժշկին հարվածել: Բուժաշխատողների նկատմամբ բռնության շարունակական դեպքերը արդյոք բավարար չե՞ն առաջարկելու օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող սուբյեկտներին համապատասխան փոփոխություններ ձեռնարկելու:
– Համաձայն եմ, որ կարելի է առաջարկել նոր Քրեական օրենսգրքում լրացում կատարելու եւ վերադարձնելու նախկին Քրեական օրենսգրքի 130.1 հոդվածի խմբագրությամբ նոր հոդված: Ինչպես օրինակ` ՀՀ Քրեական գործող օրենսգրքի 491 հոդվածով է նախատեսված փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելու եւ 492 հոդվածով` Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելու մասին հոդվածները:
Կարծում եմ, հարցն իրավացի եք բարձրացրել: Ես, որպես առողջապահական իրավունքի մասնագետ, կիսում եմ ձեր մտահոգությունը: Բժշկի մասնագիտությունը բավականին բարդ է եւ` մարդասիրական, հոգեբանական ունակություններ պահանջող մասնագիտություն է: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ պացիենտի առաջին իրավապաշտպանը բժիշկն է: Եթե բժիշկը չապահովի պացիենտի առողջության իրավունքի իրացումը, ապա ոչ ոք` ոչ մի իրավապահ կամ օմբուդսմեն չեն կարողանա պաշտպանել կամ վերականգնել պացիենտի առողջության իրավունքը: Ուստի, անխոս, բժիշկը պետք է պաշտպանված լինի:
– Չե՞ք կարծում, որ տարիներ ի վեր բժիշկների նկատմամբ բռնության դեպքերը ոչ միայն չեն նվազում, այլեւ աճում են, որովհետեւ պատժի նախադեպեր չեն լինում, այսինքն, հասարակությունը իր աչքի առաջ խոսուն օրինակ չունի: Այս առումով իրավապահ մարմիններն անելիքներ չունե՞ն, գուցե նաեւ բժշկական հանրությունը, մանկավարժները, իրավաբանները, բոլորս պետք է մեր մասով համապատասխան գիտակցություն, վարքականոն ձեւավորենք եւ մերժենք բռնությունը:
– Անկախ ամեն ինչից, բռնությունը պետք է տեղ չունենա հասարակական կյանքի որեւէ ոլորտում: Դրա համար անհրաժեշտ են միջոցներ՝ ուղղված մարդկանց իրավագիտակցության բարձրացմանը, որն իր հերթին հանդիսանում է իրավական պետության ձեւավորման նախապայման, ժողովրդավարական պետության անհրաժեշտ հատկանիշ: Բռնության ցանկացած դրսեւորում ինքնին անընդունելի է, հատկապես, երբ խոսքը բուժաշխատողի մասին է: Նման արարքները մեծ հարված են հասցնում ոչ միայն բուժանձնակազմին, այլ ողջ հասարակությանը, ստեղծելով փոխադարձ անվստահություն եւ անառողջ միջավայր:
Սակայն, անկեղծ ասած, համաձայն չեմ ձեր այն մտքի հետ, որ բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերը շատ են եւ աճում են: Միգուցե շարունակական են, բայց չեմ կարծում՝ շատ են եւ ահագնացող չափերի են հասնում: Անհրաժեշտ է ունենալ հստակ տվյալներ, վիճակագրություն` նման դեպքերը ուսումնասիրելու եւ կարծիք ձեւավորելու համար:
Ամեն դեպքում, ցանկալի է հետագա օրենսդրական բարեփոխումների ընթացքում հաշվի առնվեն մեր մտահոգությունները:
Հարցազրույցը վարեց
Նարինե ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
05.04.2023