Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետության թշնամիների հետ հարաբերություններում իշխանական պատգամավորների «համարձակությունը» հանրությունը չի տեսնում. «Զարթոնք»

Ապրիլ 06,2023 08:30

Վերջին օրերին Ազգային ժողովում իշխող կուսակցության անդամ պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունները խիստ մտահոգիչ են:

Հաստատված փաստ է, որ նշված պատգամավորներն ի վիճակի չեն պաշտպանելու Հայաստանի շահերը թուրք-ադրբեջանական փափուկ և կոշտ ճնշումների ժամանակ:

Պետության թշնամիների հետ հարաբերություններում իշխանական պատգամավորների «համարձակությունը» հանրությունը չի տեսնում: Փոխարենը իշխանական պատգամավորների «համարձակությունը» լկտիության տեսքով պարզ երևում է նրանց քաղաքական հակառակորդների նկատմամբ:

Իշխանական պատգամավորների կողմից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի նկատմամբ փողոցային մակարդակի ճնշումները, ինչպես նաև դրան նախորդած իրադարձությունները ուղղակիորեն վնասում են երկրի իրավական անվտանգությունը:

Իրավական անվտանգության հիմնախնդիրը Սահմանադրության մեջ արտացոլված է մի շարք ուղղություններով, որի հիմնական նպատակը պայմանավորված է իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը նախատեսելու և կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից:

Ազգային ժողովի պատգամավորների 66,3 տոկոս մանդատ ունեցող իշխանական պատգամավորներն, ըստ էության, կարող են միակողմանի (առանց ընդդիմության) անարգել ընդունել ցանկացած օրենք ու իրականացնել ազգային ժողովի այլ գործառույթները (ընտրել վճռաբեկ դատարանի դատավորներին, բարձրագույն դատական խորհրդի անդամներին, մարդու իրավունքների պաշտպանին, գլխավոր դատախազին և այլն):

Եվ այս պարագայում, երբ ընդդիմության ներկայացուցիչների զինանոցում մնացել է միայն ազատ խոսքը և թեկնածուների առաջադրման անարդյունավետ գործիքը, իշխանական պատգամավորների ագրեսիվ կեցվածքը սահմանափակում է նաև ժողովրդավարական այս «փշրանքները»:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը խստորեն դատապարտելով ՀՀ ազգային ժողովի իշխանական պատգամավորների վերոհիշյալ վարքագիծը, գտնում է, որ ութերորդ գումարման ՀՀ ազգային ժողովը զրկվել է օրենսդիր իշխանությունն իրականացնելու հեղինակությունից և անկախությունից:

 

«Զարթոնք» ազգային քրիստոնեական

կուսակցության գործադիր մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930