Սահմանադրության մեջ հեղինակության մասին հատուկ նշված է. այսինքն, հանրության շրջանում մեծ հեղինակություն վայելող անձի ընտրության պարագայում է, որ ՄԻՊ-ը կարող է արդյունավետ գործել՝ իր ճանաչումն ու հեղինակությունն օգտագործելով մարդու իրավունքների խախտման դեպքերին արձագանքելու հարցում։ Ինչպե՞ս կարող է իշխանական թեկնածու Անահիտ Մանասյանը տեղավորվել կոնկրետ այս պահանջի շրջանակներում։ Հանրության մեծամասնությունը նրան ուղղակի չի ճանաչում։ Եվ նրա անցած ճանապարհի միակ ուշագրավ դրվագը, որի մասին քիչ թե շատ մարդիկ կարող են իմանալ, այն է, որ գլխավոր դատախազի տեղակալ է մի քանի ամսով աշխատել։
Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ ՄԻՊ-ն անկախ պաշտոնատար անձ է, սակայն Մանասյանն ինչպե՞ս է անկախ գործելու մարդու իրավունքների խախտումներին արձագանքելու ուղղությամբ այն դեպքում, երբ մարդու իրավունքների խախտման դեպքեր արձանագրվում են նաև իրավապահ մարմինների, այդ թվում՝ նաև դատախազության կողմից։ Մի՞թե նա կաշկանդված չի լինի իր ընկերուհու գլխավորած կառույցի աշխատանքներին անհրաժեշտ գնահատական տալու հարցում։ Պարզ է, չէ՞, որ նա ևս լինելու է ավելի շատ ոչ թե ՀՀ ՄԻՊ-ը, այլ ՔՊ-ի իրավունքների պաշտպանը, ինչպես և իր նախորդը։
Դեռ թեկնածուի կարգավիճակում նա արդեն նշում է, թե մարդու իրավունքների պաշտպանությանը մեծ տեղ է հատկացնելու, անաչառ է լինելու և ընդհանրապես չի խոսելու ընդդիմադիր, իշխանական, հասարակական-քաղաքական գործչի դիրքերից, սակայն ինքն էլ խախտում է իր նշած այդ սկզբունքները։ Օրինակ՝ տարրական տրամաբանությունը հուշում է, որ ՄԻՊ պաշտոնի հավակնորդը պետք է արձագանքեր իր մրցակցի հանդեպ քպականների խայտառակ, փողոցային պահվածքին, սպառնալիքներին ու վիրավորանքներին։ Բայց Մանասյանն այդպես էլ չարձագանքեց, որովհետև պարզ է, որ ինքն ընդհանրապես չի էլ արձագանքելու ոչ մի դրվագում, որը վերաբերելու է իշխանությունների գործողություններին և պահվածքին։
Չնայած, այս ամենը վաղուց զարմանալի չէ. մենք հետևողականորեն գնում ենք ժողովրդավարական բոլոր արժեքների ոտնահարման ճանապարհով։ Ուղղակի կարելի էր գոնե ՄԻՊ պաշտոնն այսպես ոտնատակ չտալ։ Լավ, մի՞թե հասարակական սեկտորից կամ ընդհանրապես իրավաբանական հանրությունից չկար հեղինակություն կամ իսկապես ճանաչում ունեցող մի անձնավորություն՝ թեկուզ ինչ-որ չափով իշխանամերձ շրջանակներից, որին կարող էին առաջադրել։ ՄԻՊ-ի թեկնածուն կարող էր լինել առնվազն ամբողջությամբ իշխանության հետ չասոցացվող շրջանակներից։ Բայց դա իշխող ուժի գծած շրջանակում չի տեղավորվում։ Այլ տարբերակ չկա, իրենց թեկնածուն անպայման պետք է լինի ցայտուն իշխանական։
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում