Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճաժամկետ մտածողություն

Ապրիլ 06,2023 10:00

Բանականությամբ օժտված ցանկացած մարդ հասկանում է, որ այն կարգավիճակը, որը նա տվյալ պահին ունի, ժամանակավոր է, անցողիկ. այսօր ես հարուստ եմ, վաղը կարող եմ լինել աղքատ, այսօր ես մի գործի եմ, վաղը կլինեմ այլ գործի, այսօր ես պաշտոն-իշխանություն ունեմ, վաղը չեմ ունենա, այսօր ես ապրում եմ, վաղը կմեռնեմ: Այդ տարրական ճշմարտությունը դրդում է բանական մարդուն ունենալ, ստանալ կամ ձեռք բերել այն, ինչն ինքը որեւէ պարագայում չի կորցնի, ինչը ոչ ոք չի կարողանա իրենից խլել, եւ գուցե նույնիսկ կմնա մահվանից հետո: Մեկի համար դա բարեգործությունն է, մյուսի համար՝ գիտելիքները, մեկ ուրիշի համար՝ հիշողությունները, հաջորդի համար՝ բարի համբավը… Ամեն մեկի համար՝ տարբեր մի բան:

Իմ համոզմամբ, հավատացյալ մարդիկ դա ավելի խորն են գիտակցում, քան անհավատները: Բայց այս հարցով բանավեճը մեզ շատ հեռուն կտաներ, եւ այդ պատճառով այս վերջին պնդումը խնդրում եմ ընդունել զուտ որպես վարկած:

Իշխանավորների համար, մանավանդ՝ չկայացած պետություններում, խորթ է այդ գիտակցությունը: Նրանք ձգտում են ունենալ հավերժ կարգավիճակ, եւ այդ նպատակով սահմանադրություններ են փոխում, ժամկետներ են զրոյացնում, եւ այլն… Եվ նույն պատճառով նրանք իրենց այնպես են պահում, կարծես հավերժ են իշխելու, համոզված են, որ այդ պաշտոններին տիրացել են ցմահ, եւ ենթադրում են, որ իրենց արարքների համար իրենց կյանքի օրոք ոչ ոք հաշիվ չի պահանջի:

Այդ՝ աշխարհի համար սովորական իշխանական հիվանդությանը մեզ մոտ ավելանում է նաեւ հայաստանյան ներկայիս իշխանությունների առանձնահատկությունը՝ կարճաժամկետ մտածողությունը: Ոչ միայն ավելանում է, այլեւ կասեի՝ բխում է այդ հիվանդությունից: Եթե ես կարծում եմ, որ իշխելու եմ ցմահ, երբեք չեմ ապրելու առանց պաշտոնի, ապա բացարձակապես կարեւոր չէ, թե ինչ ժառանգություն եմ թողնելու, միեւնույն է, այդ ժառանգության համար ինձ ոչ ոք պատասխանատվության չի կանչի: Կարճաժամկետ մտածողությունը հենց այդ մոլորության հետեւանքն է: Գլխավոր մտահոգությունն է՝ ինչ անել կոնկրետ այդ պահին մարդկանցից «լայքեր» կորզելու համար: Իսկ թե ինչ կլինի դրանից հետո՝ կարեւոր չէ:

Այդ տրամաբանությամբ կարելի է սելֆի անել թանկարժեք, բայց համապատասխան ռազմամթերք չունեցող, եւ հետեւաբար, անպետք ինքնաթիռի մոտ: Կարելի է հացենին կտրել, դրա տեղը սակուրա տնկել, որը տարվա մեջ մեկ-երկու շաբաթ գեղեցիկ կծաղկի, բայց որեւէ ֆունկցիոնալ նշանակություն չի ունենա: Բայց կարեւորը՝ այդ մեկ-երկու շաբաթով ծաղկած սակուրայի ֆոնին նկարվելն է: Իսկ դրանից հետո կգտնվեն մարդկանց զբաղեցնելու այլ թեմաներ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930