Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգալ մազերի ու մաշկի գեղեցկության մասին՝ կերատինի օգնությամբ․ մթերքներ, որոնք խթանում են այդ սպիտակուցի արտադրությունը

Ապրիլ 06,2023 09:30

«Կերատին» բառը հաճախ ենք տեսնում մազերի խնամքի համար նախատեսված տարատեսակ միջոցներ վրա․ այս նյութը գովազդվում է որպես մազերին գեղեցիկ տեսք ու փայլ հաղորդող միջոց, և դա, իսկապես, այդպես է, քանի որ կերատինը սպիտակուցի տեսակ է, որը մեր մազերի, մաշկի ու եղունգների բաղադրամասերից է և որոշ քանակությամբ պարունակվում է նաև ներքին օրգանների ու գեղձերի կազմում։

Կերատինը պաշտպանիչ գործառույթ ունեցող սպիտակուց է, որն ավելի քիչ է ենթարկվում վնասվածքների վտանգին, քան մեր օրգանիզմի կողմից արտադրվող այլ բջիջները։

Կերատին ստանում են փետուրներից, տարբեր կենդանիների եղջյուրներից ու բրդից և լայնորեն օգտագործում մազերի համար նախատեսված կոսմետիկայի կազմում։ Քանի որ կերատինը մազերի կառուցվածքային բաղադրամասերից մեկն է, մասնագետները համարում են, որ կերատինային հավելումները, կերատինով կատարված միջամտություններն ու որոշ մթերքներ կարող են ամրացնել մազերն ու բարելավել դրանց տեսքը, նպաստել մազաթափության կանխարգելմանը, արագացնել եղունգների աճն ու բարելավել մաշկի արտաքին տեսքը։

Չանդրադառնալով կերատինային հավելումներին ու խնամքի միջոցներին՝ մենք մեր ուշադրությունը կկենտրոնացնենք այն մթերքների վրա, որոնք նպաստում են օրգանիզմում կերատինի բնական սինթեզին՝ հոգալով մազերի, մաշկի և եղունգների առողջության և գեղեցկության համար։

Ահա թե որ սննդատեսակներով է պետք հարստացնել սննդակարգը, եթե ցանկանում եք գեղեցիկ մազեր, մաշկ ու եղունգներ ունենալ

1. Հավկիթ

Հավկիթը բիոտինի (վիտամին H) հրաշալի աղբյուր է, իսկ բիոտինը իզուր չէ, որ համարվում է «գեղեցկության վիտամին»։ Այդ սննդանյութն անհրաժեշտ է կերատինի արտադրման համար։ Դրանից բացի, հենց ձվի դեղնուցն է նպաստում կերատինի սինթեզին։
Հավկիթը նաև այլ օգտակար սննդանյութեր է ներառում՝ սելեն, ռիբոֆլավին, А և В12 վիտամիններ և այլն։

2․ Սոխ

Սոխն առողջության համար բազմաթիվ առավելություններ ունի, որոնցից մեկն էլ կերատինի արտադրությունը խթանելն է։ Այս բանջարեղենը հարուստ է N-ացետիլցիստեին բուսական հակաօքսիդանտով, որը մեր օրգանիզմը վերածում է կերատինի բաղադրամաս հանդիսացող L-ցիստեինի։ Սոխը նաև ֆոլաթթվի աղբյուր է, իսկ ֆոլաթթուն կարևոր է մազերի ֆոլիկուլների առողջության համար։

3․ Քաղցր կարտոֆիլ

Այս վառ գույնով ու համով բանջարեղենը շատ սննդարար է և կարող է իր լուման ներդնել ոչ միայն առողջության ամրապնդման հարցում, այլև գեղեցկության, քանի որ նույնպես խթանում է կերատինի արտադրությունը։
Քաղցր կարտոֆիլի գույնը հենց հուշում է , որ այն հարուտ է կարոտինոիդներով, բետա-կարոտինով, որն էլ օրգանիզմում վիտամին
А-ի է վերածվում։ Այս վիտամինն էլ իր հերթին նպաստում է կերատինի սինթեզին՝ հոգալով մաշկի ու մազերի գեղեցկության մասին։

Նշենք նաև, որ քաղցր կարտոֆիլի ամեն մի չափաբաժինը կալիումի, մանգանի, B6 և C վիտամինների լավ աղբյուր է։

4․ Արևածաղկի սերմեր

Արևածաղկի սերմերը, լինելով հարուստ բիոտինով և սպիտակուցներով, նույնպես նպաստում են կերատինի սինթեզին։ Այդ փոքրիկ սերմերը, դրանից բացի, արժեքավոր սննդանյութերի գանձատուփ են համարվում՝ ներառելով վիտամին E, սելեն, պղինձ, պանտոտենաթթու և այլն։

5. Մանգո

Արևադարձային այս պտուղը գրավիչ է ոչ միայն իր էկզոտիկ համով, այլև առողջությունը խթանող սննդանյութերի առատությամբ։ Այն նույնպես, ինչպես և քաղցր կարտոֆիլը, լինելով հարուստ կարոտինոիդներով, օրգանիզմը հարստացնում է վիտամին A-ով՝ հոգալով կերատինի սինթեզի համար։ Մանգոյի կազմում առկա վիտամին C-ն ու ֆոլաթթուն նույնպես հոգում են մազերի ու մաշկի գեղեցկության համար։

6․ Սխտոր

Ինչպես և սոխը, սխտորը նույնպես հարուստ է N-ացետիլցիստեինով, որն էլ օրգանիզմում վերածվում է կերատինի բաղադրամաս հանդիսացող ամինաթթվի։

7. Կալե

Կալե կաղամբի կազմությունն իսկապես տպավորիչ է։ Այս տերևավոր բանջարեղենը նաև պրովիտամին A-ի հրաշալի աղբյուր է, որի ազդեցության մասին արդեն խոսեցինք վերևում։ Կալեն նաև հարուստ է վիտամին C-ով՝ հակաօքսիդանտ, որն էլ իր հերթին նպաստում է կոլագենի արտադրմանը․ մեկ այլ սպիտակուցի, որը պատասխանատու է մաշկի առողջության ու գեղեցկության համար։

8. Տավարի լյարդ

Տավարի լյարդը բիոտինի ամենախիտ աղբյուրներից մեկն է և կարող է լավ ընտրություն լինել օրգանիզմում կերատինի արտադրությունը բնական ճանապարհով խթանելու համար։
Տավարի լյարդը հարուստ է նաև այլ արժեքավոր սննդանյութերով, ինչպիսիք են երկաթը, վիտամին B12-ը, ֆոլաթթուն, ռիբոֆլավինը և այլն։

9. Գազար

Գազարն իսկական գտածո է մաշկի, մազերի, եղունգների գեղեցկության, աչքերի առողջության համար։
Այն բետա-կարոտինի, վիտամին C-ի, բիոտինի, B6, K1 վիտամինների ու կալիումի աղբյուր է․ համադրություն, որն ինքնին խոսում է այն դրական ազդեցության մասին, որով օժտված է այս մատչելի բանջարեղենը։

10. Սաղմոն 

Սաղմոնն այնքան բազմազան սննդանյութեր է պարունակում, որ հաճախ է դասվում ամենաօգտակար սննդամթերքների շարքում։  Լինելով սպիտակուցների, բիոտինի և օմեգա-3 ճարպաթթուների լավ աղբյուր՝ սաղմոնը նաև արժեքավոր մթերք է մազերի, մաշկի գեղեցկության համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930