Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Հովհաննիսյան․ «Ավստրիայի լաբորատորիան բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանի դոպինգ նմուշում երեք նյութ է հայտնաբերել»

Ապրիլ 05,2023 23:45

Երեւանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի բռնցքամարտի մարզիչ Սամվել Պողոսյանը այսօրվանից հացադուլ է հայտարարել։ Նրա սանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության  հաղթող, Հայաստանի մեծահասակների չեմպիոն,  54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը չի հրավիրվել աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի երիտասարդական հավաքական։

Բանն այն է, որ Հայաստանի առաջնությունից հետո Հենրիկ Սահակյանի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել։ Մարզիչը, ըստ էության,  կասկածում է, բայց չի հերքում արգելված նյութի առկայությունը իր սանի օրգանիզմում։ Լրատվամիջոցների հետ զրույցում նա պատմել է, որ իր սանի նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում։ Ու նաեւ ասում է, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպես է Հենրիկ Սահակյանի մարմնում հայտնվել այն նյութը, որը նրա խոսքով ավելի շատ թույն է, որը կարող է վտանգավոր լինել բռնցքամարտիկի կյանքի համար։ Մարզիչը պահանջում է, որպեսզի դոպինգ նմուշի երկրորդ օրինակը ուղարկվի ստուգման։ Եվ եթե հաստատվի պատասխանը, հայտնաբերվի, թե ով է այդ դեղը տվել իր սանին։

Aravot.am-ը բռնցքամարտիկի դոպինգ թեստի շուրջ զրուցեց Հայաստանի հակադոպինգային գործակալության փոխտնօրեն, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի հետ։ «Դոպինգ թեստը վերցրել են մեր մասնագետները Հայաստանի առաջնությունից հետո։ Ստուգումն իրականացվել է Ավստրիայի լաբորատորիայում։ Ինչ կապված է մարզչի հայտարարության հետ, թե կրկնակի դոպինգ ստուգում է պահանջում, նրանք իրականում հրաժարվել են։ Դոպինգից հետո պատասխանը եկել է։ Իրենց ուղարկվել է ծանուցում։ Ծանուցմանը կցվում է «B» նմուշի բացման պահանջագիրը եւ լսումներ անցկացնելու պահանջագիրը։ «B» նմուշի բացումից հրաժարվել են, իսկ լսումներն անցկացնելուն համաձայնել։ 19 օր հետո անցկացվել է լսումներ, որին ներկա են եղել բռնցքամարտիկը, նրա մարզիչը։ Գործը ներկայացվել  է իրենց, որից հետո մեր հակադոպինգային գործակալությանը կից աշխատող կարգապահական կոմիտեում իրենց ամեն ինչ բացատրվել է։ Ասվել է, բացատրություն ունե՞ք, թե ոնց են այդ նյութերը հայտնվել ձեր օրգանիզմում։ Ոչ մի պատճառաբանություն չեն բերել։

Կրկնում եմ, որ հրաժարվելու մասին ստորագրած թուղթը կա, ստորագրել են, որ լսումներ են ուզում։ Լսումներն անցկացվել են։ Իրենց ցույց ենք տվել բոլոր թղթերը իրենց ստորագրությամբ, լաբորատորիայի ստորագրությամբ, որ նմուշը նորմալ հասել է լաբորատորիա․ անալիզն արել են, երեք նյութ են հայտնաբերել, Տվել են ժամանակ, որ բացատրագիր գրեն կամ ինչ-որ բան ներկայացնեն։ Դեռ ոչինչ չկա։ Ասում են, թե ջրի մեջ լցրել, տվել են իրենց։ Բայց ոչ մի փաստ չեն ներկայացնում։Ժամանակն անցնում է եւ միանշանակ որակազրկման որոշում կկայացվի։ Անհայտ է միայն որակազրկման ժամկետը»,-մեկնաբանեց Արեգ Հովհաննիսյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930