Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը զարմանում է՝ ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում դժգոհում են հեռարձակողների եթերի բովանդակությունից, բայց հանձնաժողովին գրավոր բողոք չեն ուղարկում:
«Պաշտոնական ձեւակերպված բողոք չկա՝ այ այս հեռարձակողը այ էսպիսի բովանդակություն է տարածում, որը պարունակում է չարության խոսք, քրեական տարրեր: 2021-ին մենք որեւէ բողոք չենք ստացել: Մենք ստացել ենք միայն ԱԺ մեկ պատգամավորից մի բողոք, որ դիմենք էթիկայի դիտորդ մարմին: Պատգամավորը վիրավորվել էր, որ իրեն անվանել են տխրահռչակ, բնականաբար, դրա մեջ որեւէ վիրավորանք չկա: Պատգամավորը կարողանում է շատ վիրավորվել, որ իրեն տխրահռչակ են անվանում, բայց կեղտոտ բառապաշարի հեղեղներին ոչ մեկն ուշադրություն չի դարձնում»,- ասաց Տիգրան Հակոբյանը:
Նա նկատեց նաեւ, որ քաղաքական գործիչները ինքնատիրապետման կարիք ունեն, որովհետեւ շատ հաճախ կարող են հայհոյանքներ հնչեցնել ԱԺ-ում, ինչը հայտնվի հեռուստաեթերում. «Հեռուստատեսությունը իրականության արտացոլողն է, ինքը չի կարող իրականությունը մաքրել, նոր ներկայացնել: Եթե գործիչը հայհոյում է կամ այն բառապաշարն է ներկայացնում, որը պատժելի է, չենք կարող հեռուստատեսությանը պատժել նրա համար, որ հեռարձակել է, օրինակ՝ ԱԺ ուղիղ նիստը: Լրջագույն համակարգային խնդիր է, համակարգային լուծում է պահանջում՝ քաղաքական գործիչների կողմից ինքնատիրապետում, իրենց բառապաշարին հետեւում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ