Գյումրու «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում՝ Աբովյան կամ Ալեքսանդրովսկի ճեմափողոցում, որը դարձել է զբոսաշրջիկների ամենասիրված վայրը, կգործի քաղաքի հին բաղնիքներից մեկը։ Այն պատկանել է Տեր- Մարիտիրոսովներին ու հայտնի է որպես «Ցենտրալնի բաղնիք»։
Բաղնիքի շենքը, ինչպես նաև Գյումրու պատմական կենտրոնում գտնվող մի քանի կառույցներ ձեռք էր բերել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը՝ տեղի մի քանի գործարարների հետ՝ նպատակ ունենալով կառուցել հյուրանոցներ ու հյուրատներ։
Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բաղնիքի շենքի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, այն ճեմափողոցից բացի մուտք ունի նաև հետնամասից։
Այն վերանորոգելով՝ ոչ միայն շունչ կտան պատմական կառույցին, այլ կվերականգնեն Գյումրու ծիսական ավանդույթներից մեկը՝ հանրային բաղնիք գնալը։
Կարդացեք նաև
Հենրիկ Գասպարյանն ասում է՝ այն պատմական հուշարձան է, որը վերանորոգելիս՝ փոփոխությունների չպիտի ենթարկվի։ Բաղնիքի մուտքը, ըստ նրա, նույնիսկ կարող է լինել կենտրոնական հատվածում՝ հենց ճեմափողոցում։ Ըստ ճարտարապետի, նման օրինակները պատմական քաղաքներում շատ են։
Բաղնիքի շենքը, Հենրիկ Գասպարյանի համոզմամբ, Գյումրիում կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։
«Երբ զբոսաշրջիկը ոտք է դնում Մոսկվա, անմիջապես գնում է Սանդունովսկի բաղնիք կամ կենտրոնականը։ Գիտեք, որ Սանդունովյան բաղնիքում նկարահանվել է «Բաղնիքդ անուշ» ֆիլմը, այն կառուցվել է թատերական դերասան Սանդունովի կողմից 1818 թվականին։ Սա պատմության, ճարտարապետության, կոլորիտի մի մաս է, որը զբոսաշրջիկը շտապում է տեսնել, իրեն շատ հետաքրքիր է։ Կամ շատ հեռու չգնանք Թբիլիսիում ինչպիսի բաղնիքներ կան։
Վստահ եմ Գյումրու հանրային բաղնիքը նույնպես մեծ պահանջարկ կունենա զբոսաշրջիկների համար»,- ասում է ճարտարապետը։
Գյումրու բաղնիքները հիմնականում կառուցվել են քաղաքի կենտրոնում, հիմնադիրները եղել են քաղաքի մեծահարուստները, որոնք և բաղնիքները կոչել են իրենց անուններով։ Գործել են մի քանի հասարակական բաղնիքներ՝ «Կոնստանովենց աղայի», «Ձիթողցոնոց», «Ուռումների», Վեքիլովների բաղնիքները։
Գյումրվա հին բաղնիքների նախասրահում եղել են հացկերույթի համար նախատեսված հատուկ փայտյա թախտեր, լողասրահի անկյուններում գուռեր, իսկ կենտրոնում՝ մարմարե սեղան՝ «գյուպակ» կամ «քալդաշ», որը նախատեսված էր օճառվելու համար։
Գյումրիում սովորաբար բաղնիք գնացել են ֆայտոններով․ հատկապես կանայք բաղնիք գնալուն մի քանի օր առաջ են նախապատրաստվել՝ «բաղնիքի բոխչաներ» կապելով, որի մեջ եղել են սպիտակեղեն, ցամքոց, պղնձե սափոր, նաև կերակուր, գաթա, հալվա։ Բաղնիքը զրուցելու, տարբեր հարցեր քննարկելու վայր է եղել։
Կանայք բաղնիքում անցկացրել են 5-6 ժամ, հարուստ կանանց լողացրել են «նաթրճիները», մյուսներին՝ «քիսաջիները»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ