Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչի համաձայն՝ Հայաստանը 180 պետությունների շարքում այսօր զբաղեցնում է 51-րդ տեղը. 2022 թվականին 2021 թվականի համեմատ բարելավել է իր դիրքերը:
Երեկ այս տվյալները ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: «Սա ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին մեդիամասնագետների գնահատականն է… ես ստիպված եմ կրկնել մի միտք, որը միշտ կասկածի տակ է դրվում հասարակության ներկայացուցիչների ու քաղաքական ուժերի, լրատվամիջոցների կողմից. մենք գործում ենք անկախ: Պետական որեւէ մարմին մեզ վրա որեւէ ճնշում չի գործադրում ու չի կարող գործադրել, դա չի նշանակում, որ փորձեր չեն լինում: Զանգեր էլ կարող են լինել, հանդիպումներ էլ, բայց մեր բոլոր որոշումները ելնում են մեր համոզմունքներից ու այն նյութերից, որոնց տիրապետում ենք: Որեւէ լրատվամիջոց մեր կողմից հետապնդման չի ենթարկվել իր քաղաքական հայացքների համար…հավատացնում եմ՝ չկա այն ուժը Հայաստանում կամ Հայաստանից դուրս, որը կարող է միջամտել որոշում կայացնելու մեր լիազորություններին»,-եզրափակեց Տիգրան Հակոբյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ