Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Հայաստանում խոսքի ազատության սահմանադրական իրավունքը խախտված է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ ընտրության ժամանակ ՄԻՊ թեկնածուի պարագայում»

Ապրիլ 05,2023 20:30

Հասարակական գործիչ, «Միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային դաշինքի Հայաստանի ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում այսօր եւս մեկ անգամ խոսեց երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ իշխող կուսակցության պատգամավորների պահվածքի մասին։

«Ի՞նչ տեղի ունեցավ երեկ Ազգային ժողովում։ Պարզ էր, բոլորը գիտեին, ես էլ գիտեի, որ առաջադրման հիմնական խնդիրը ոչ թե ընտրվելն էր, այլ՝ պայքարելը այն երեւույթի դեմ, որն անընդունելի է։ Մինչեւ հիմա մեր խորհրդարանական ընդդիմության գործելաոճը հետեւյալն էր, որ պետք չի թեկնածու առաջադրել, որովհետեւ, միեւնույն է, չի ընտրվելու։ Այս անգամ էլ էին իրենք փորձում այդ ճանապարհով գնալ, ուղղակի «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական դաշինքը առաջարկեց դիտարկել իմ թեկնածությունը՝ խնդրելով միայն ֆորմալ կողմն ապահովել։ Եվ ինչի հասա ես։ Առանց չափազանցնելու, դա փաստ է, բոլորի աչքի առաջ էր։ Ընդամենը 20 րոպե հետներն աշխատել եմ՝ փախել են։ Ընդամենը 20 րոպե։ Ամբողջ խմբակցությունով փախան նիստերի դահլիճից մինչեւ իմ ելույթն ավարտվեց։ Ընդ որում, շփոթվել էին։ Դուրս են եկել, իմ ելույթը լսում են, հասկանում, որ ինձ այնտեղ թողնելը կրակ է։ Հետ գան՝ չի լինի, արդեն ասել են, որ դուրս են գալիս։ Մնան դո՞ւրսը։ Իրենց խմբակցությունից հանձնաժողովի անդամ է ընդամենը չորս պատգամավոր։ Դահլիճում մոտ 20 հոգի էին, բայց քանի որ դահլիճում տեղ չկար, կեսը մնացել էին դուրսը։

Ի դեպ, իմ իմանալով, Թագուհի Թովմասյանը, հաշվի առնելով հանրային հնչեղությունը, որ լրագրողները շատ են լինելու,  նախապես դիմել էր ավելի մեծ դահլիճ տրամադրելու համար ու մերժվել։

Թերեւս, կարծում էին, որ խուլիգանություն արեցին, ինձ վիրավորեցին, հայհոյեցին, գոռգոռացին, սպառնացին, իմ տրամադրությունը փոխվելու է ու կմտածեմ, թե արի մի քիչ զգույշ լինեմ»,-ասաց պարոն Ղազարյանը ու հիշեցրեց այդ նիստում ՔՊ ամենաակտիվ պատգամավորի կենսագրության ոչ վաղ անցյալից ոստիկանության բաժին բերման ենթարկվելու մի օրինակելի դրվագ։

Էդգար Ղազարյանը ընդգծեց նաեւ, որ ինքը մշտապես որպես կանոն պատասխանատու հանդիպումներից առաջ կարդում է օրենքները, տվյալ պարագայում Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, որում սահմանված ու նկարագրված են նիստերի անցկացման կարգը, պատգամավորների բարեվարքության կանոնները, էթիկայի նորմերը եւ այլն։ «Եվ երբ եկավ իրենց հաստատած աշխատակարգով իմ խոսելու ժամանակը, այդ տղան ինձ ասում է՝ մի ասա, որ մենք հանցավոր ռեժիմ ենք, գովիր մեզ։ Այսինքն, դու ո՞նց ես պատկերացնում, որ ժողովրդավարական երկրում լինես ՄԻՊ թեկնածու, գաս մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով ու մեկ էլ հանկարծ փորձես իրականացնել քո խոսքի սահմանադրական իրավունքը, որ եթե իշխանությունների մասին ես խոսում, պիտի ասես ժողովրդի իշխանություն։ Իսկ եթե չասացիր, լեզուդ կկտրենք, ականջներդ էլ հետը»։

Բանախոսը համոզված է, որ երեկ ԱԺ հանձնաժողովի նիստում տեղի ունեցածը ակնհայտ սադրանք էր, կոնֆլիկտ հրահրելու փորձ եւ ինքը դիմելու է դատարան։ «Բացի խուլիգանական արարքներից, մենք նաեւ հայցադիմում կներկայացնենք քաղաքացիական հայցով, թե իրենք ինչ վարքագիծ են դրսեւորել։ Պատկերացրեք, Հայաստանում խոսքի ազատության սահմանադրական իրավունքը խախտված է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ ՄԻՊ թեկնածուի պարագայում։ Ու սա որ ամփոփում ես, գժվելու բան է ստացվում»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930