ՀԱՊԿ առաքելության տեղակայման ժամկետները կախված են Հայաստանից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:
Նա հիշեցրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ ինքը բավարարված է Հայաստանի՝ ՀԱՊԿ խաղաղապահներ ընդունելու պահպանվող շահագրգռվածությամբ: «Մոսկվան համոզված է, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Ե՛վ Ռուսաստանը, և՛ մյուս դաշնակիցները պատրաստ են դրան»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ նման որոշումները համաձայնեցվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում, և հաստատվում են բարձր մակարդակով:
«Ինչ վերաբերում է ժամկետներին, կարծում եմ այստեղ ամեն ինչ հասկանալի է: Ամեն ինչ կախված է հայ գործընկերներից. հենց որ նրանք պատրաստ լինեն, կողմերը կարող են վերադառնալ աշխատանքի՝ ամրագրելու կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ կետերը: Այնպես որ, գնդակը Երևանի դաշտում է»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ