Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսում մեկտեղվում են կրթության և աշխատաշուկայի հնարավորությունները»

Ապրիլ 05,2023 18:23

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը ապրիլի 5-7-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում անցկացվող ավանդական 22-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում և արտասահմանում գործող 80-ից ավելի հաստատություններ՝ բուհեր, քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է էքսպոյի մասնակիցներին՝ հատկապես կարևորելով դպրոցականների ներգրավվածությունը. «Սա մի հարթակ է, որտեղ մեկտեղվում են կրթության և աշխատաշուկայի կարիքներն ու պահանջները: Արդեն իսկ դպրոցական տարիքից աշակերտները հնարավորություն են ունենում ծանոթանալու աշխատանքային հեռանկարներին և կողմնորոշվելու կրթություն ու մասնագիտություն ընտրելու հարցում՝ հետագայում իրենց ներուժը ծառայեցնելու մեր պետության տնտեսության զարգացմանը»:

Փոխնախարարը հավելել է, որ կրթության ռազմավարության գերակայություններից է կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումը, և այս ցուցահանդեսը լայն հարթակ է նաև օտարերկրյա կազմակերպություններին ներկայացնելու ՀՀ կրթական հնարավորություններն ու դրա գործնական ապագան, ուրվագծելու համագործակցության հեռանկարները և մեծացնելու հետաքրքրությունների շրջանակը:

Արաքսիա Սվաջյանը շրջել է տաղավարներում, զրուցել մասնակիցների հետ և ծանոթացել նրանց ներկայացրած նյութերին: Մասնավորապես՝ Արարատի պետական քոլեջի տաղավարում նախարարի տեղակալն ապագա խոհարար Տարոն Նտրուրյանից հետաքրքրվել է՝ ինչ ծրագրեր ունի հետագայում: Ուսանողը տեղեկացրել է, որ ցանկանում է ամրապնդել խոհարարական գիտելիքներն ու հմտությունները և շարունակել աշխատել այդ ոլորտում: Իսկ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանող Գարիկ Հայրապետյանն ուսումը շարունակելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների Wast Point ռազմական ակադեմիայում՝ լինելով առաջին հայը, որը ներկայացնելու է Հայաստանն այդ կրթական հաստատությունում: Իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները վստահ են՝ իրենց բուհի կրթությունը լիարժեք համապատասխանում է աշխատաշուկայի պահանջներին, և ապագային միտված մեծ ծրագրեր ունեն: Փոխնախարարի այն հարցին՝ ինչպես կարելի է բարձրացնել բուհի մասնագիտությունների գրավչությունը դիմորդների շրջանում, նրանք պատասխանել են՝ պրակտիկաների կազմակերպմամբ, որոնք արվում են և շարունակական բնույթ են կրում:

Ցուցահանդեսի հիմնական նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել աշխատանք փնտրողների և իրական գործատուների միջև, ինչպես նաև ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ՝ իրենց նոր կրթական ծրագրերով:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել