Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախ մտնելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն». Արտակ Բեգլարյանը փաստեր է հրապարակել

Ապրիլ 05,2023 18:11

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Միջադեպի հիմնական փաստերը. Ադրբեջանի կառավարության գործակալները («էկո»-ահաբեկիչները) երեկ Շուշիի մերձակայքում արգելափակել են արցախցի 27 քաղաքացիական անձանց մուտքն Արցախ։

1.Քաղաքացիական խումբը, որը հիմնականում բաղկացած էր կանանցից, ծերերից և երեխաներից, ռուս խաղաղապահների երկու մեքենաներով ճանապարհվել է Հայաստանի Գորիս քաղաքից՝ իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու նպատակով։

2.Նրանք մնացել էին Հայաստանում՝ Արցախի՝ արդեն 115 օր շարունակվող շրջափակման պատճառով։

3.Նրանք կանգնեցվել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում, Շուշի քաղաքից ոչ հեռու, Ադրբեջանի կառավարական գործակալների («էկո»-ահաբեկիչների) կողմից:

4.Խմբի համար ճանապարհ բացելու նպատակով ավելի քան հինգ ժամ ռուս խաղաղապահները բանակցել են ադրբեջանական կողմի հետ, սակայն ապարդյուն։

5.Ադրբեջանցիները ահաբեկել են մեքենաներում գտնվող մարդկանց՝ ներխուժելով մեքենաներից մեկը և սպառնալիքներ հնչեցնելով։

6.Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը» և ստուգել բոլոր անձանց։

7.27 հոգուց 23-ը գիշերը վերադարձել են Գորիս՝ մուտք չգործելով իրենց հայրենիք։

8.Ադրբեջանական ահաբեկման արդյունքում չորս կանանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, որոնցից երեքն ուշագնաց են եղել։

9.Ուղեկցող խաղաղապահները շտապ օգնություն են կանչել և այդ չորս հոգուն ռուսական և ադրբեջանական մեքենաներով տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն:

10.Ադրբեջանական կողմը չի թույլատրել խաղաղապահներին օգտվել արցախյան շտապօգնության մեքենաներից և փորձել է հիվանդներին տեղափոխել իրենց վերահսկողության տակ գտնվող Շուշիի հիվանդանոց: Սակայն մարդիկ բողոքել են և պահանջել, որ հիվանդներին տեղափոխեն Ստեփանակերտ:

11.Սա Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հերթական դրսևորումն է: Մասնավորապես, նրանք արգելափակում են մեր քաղաքացիների մուտքն Արցախ ոչ միայն սեփական մեքենաներով ճանապարհորդելիս, այլ նույնիսկ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ինչպես դա եղավ երեկ։

12.Նրանք երբեմն ավելի քիչ խոչընդոտներ են ստեղծում ելքի համար, ինչպես հունվարի 10-ին հայտարարեց Ալիևը, քանի որ նրանց նպատակն, ակնհայտորեն, արցախցիների էթնիկ զտումն է։

13.Ալիևի բռնապետական ռեժիմը անտեսում է ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը՝ ապահովելու մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

14.Ադրբեջանում ռասայական/էթնիկ խտրականության ու ատելության պետական քաղաքականության և դրա կանոնավոր դրսևորումների պայմաններում միջազգային հանրությունը պետք է հասկանա ադրբեջանական ցանկացած վերահսկողության դեպքում Արցախի ժողովրդի նկատմամբ գոյաբանական վտանգի մակարդակը։

15.Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը և ատելությամբ պայմանավորված պարբերական հանցագործություններն ու հոգեբանական ահաբեկչությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդին արդյունավետորեն պաշտպանելու և նոր հանցագործությունները կանխելու պարտավորության ձախողումը պահանջում են հրատապ, վճռական և գործնական քայլեր՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի, պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930