«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» գլխավոր դատախազին հանցագործության հաղորդում է ներկայացրել՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին չհերքված լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով:
Մասնավորապես, քաղաքացու դեմքին ենթադրաբար (չհերքված) թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել խուլիգանության (2021 թ. Քրեական օրենսգրքի 297-րդ) հոդվածով:
Իսկ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու մասով) ակնկալում ենք քրեական վարույթի նախաձեռնում պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման (ՔՕ հոդված 441) կամ ազատությունից ապօրինի զրկելու (ՔՕ հոդված 192) փաստի առթիվ:
Կարդացեք նաև
Նշեմ, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքով փոփոխվել է խուլիգանության դիսպոզիցիան և այժմ դրա մաս է կազմում անձին ստորացնելու միջոցով բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը:
Մեր գնահատմամբ, անվտանգության աշխատակիցների միջոցով անձին անշարժացնելն ու, ապա, նրա դեմքին թքելը, ոչ այլ ինչ է, քան բարոյական նորմերի բացահայտ արհամարհական վերաբերմունքի ցուցաբերում, որն արտահայտվել է անձին ստորացնելու միջոցով: