Լրահոս
Օրվա լրահոսը

Թվային ապագան պետք է իրականություն դառնա հենց քաղաքացիների ու մասնավոր հատվածի էական դերակատարմամբ և պետությունը ջանքեր է գործադրելու բաց և հասանելի տվյալների քաղաքականություն ներդնելու գործում. Մհեր Գրիգորյան

Ապրիլ 05,2023 17:59

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվել «Բացահայտելով թվային ապագան» խորագրով Doing Digital ֆորումի բացման արարողությանը և հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է.

«Հարգելի գործընկերներ,
հարգելի հյուրեր,
տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ տեսնել «Doing Digital» միազգային ֆորումի անցկացումը Հայաստանում նման հագեցած օրակարգով, թվային ու տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող ականավոր հյուրերի ու խոսնակների մասնակցությամբ։

Վերջին տարիներին մեր երկրում տեխնոլոգիական խորագրով անցկացվող միջազգային միջոցառումների ինտենսիվացումն ինքնին այն բանի տեսանելի ցուցիչ է, որ Հայաստանի տնտեսական ու հանրային կյանքում թվային փոխակերպումը գերակայող օրակարգ է դարձել։

Ինչ խոսք, ուրախալի փաստ է նաև այն, որ նման հարթակներն առաջնորդվում են մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի կողմից: Թվային ապագան պետք է իրականություն դառնա հենց քաղաքացիների ու մասնավոր հատվածի էական դերակատարմամբ, և պետությունը հնարավոր ջանքեր է գործադրելու բաց և հասանելի տվյալների քաղաքականություն ներդնելու, կրիտիկական ենթակառուցվածքներ, խաղի կանոններ և նպաստավոր ու անվտանգ միջավայր ձևավորելու գործում։ Սա է Կառավարության հիմնարար մոտեցումը թվային բարեփոխումների իրականացման գործում:

Պատահական չէ, որ թվայնացման օրակարգի հայեցակարգային մակարդակում շեշտադրել ենք անցումը էլեկտրոնային կառավարությունից դեպի թվային հասարակության: Սա նշանակում է, որ քաղաքացին և մասնավոր հատվածը գտնվում են թվային փոխակերպման կենտրոնում, և լուծումները քննարկվում են նրանց տեսանկյունից:

Այս օրակարգը կյանքի կոչելու նպատակով Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդը, որը ձևավորվել է 2022 թվականի սկզբին, և որը պատիվ ունեմ նախագահելու՝ որպես երկրի Գլխավոր տեղեկատվական համակարգող, հաստատել և Ձեր դատին է ներկայացրել թվային հասարակության ու տնտեսության տեսլականն ու 9 գլխավոր թիրախները:

Տեսլականը կառուցված է «Բաց և որակյալ տվյալները ազգային հարստության համար կենսական նշանակություն ունեցող ակտիվ են» ուղերձի շուրջ, իսկ թիրախները շեշտադրում են հետևյալ սկզբունքները՝

– բոլոր քաղաքացիները հասանելիություն են ունենալու թվային նույնականացման լուծումներին, և դրա համար ուղղակիորեն չեն վճարելու,

– քաղաքացիները և տնտեսավարողները պետական համակարգին տվյալները տրամադրելու են «միայն մեկ անգամ» սկզբունքով,

– պետության կողմից մատուցվող ծառայությունները նախագծվելու են կյանքի իրավիճակների շուրջ:

Մեր համոզմամբ՝ թվայնացման ոլորտում ներդրումները հանգեցնելու են հասարակության, տնտեսության և կառավարության փոխակերպմանը, ներառյալ՝ հարմարավետությանն ու արտադրողականությանը խոչընդոտող ինստիտուտների, գործառույթների ու գործընթացների վերափոխմանը կամ վերացմանը:

Թույլ տվեք, այսպիսով, ամփոփել խոսքս մի պարզ ուղերձով, որին անվերապահ հավատում եմ։ Թվային տնտեսության դարաշրջանում հասարակության առաջընթացի գրավականը առաջին հերթին վստահության միջավայրը, միտքն ու նորարարությունն են, ինչի ներուժը Հայաստանը վստահաբար ունի:

Լիահույս եմ, որ մասնավոր հատվածի կողմից թվայնացման օրակարգի առաջնորդումը և պետության կողմից թվային հասարակության և տնտեսության զարգացման մեջ ողջամիտ ներդրումները թույլ կտան այդ ներուժի իրացումը հասցնել առավելագույնի:

Ֆորումին բարի ընթացք և արգասաբեր աշխատանք եմ մաղթում»։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930