Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական ծրագրերը չպետք է պարտադրված լինեն Լիճքի հանքի շահագործմամբ․ Արմեն Հայրապետյան

Ապրիլ 05,2023 17:39

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների վերաբերյալ ապրիլի 5-ին Մեղրիի համայնքապետարանում նախատեսված հանրային լսումը ձախողվեց։ Մեղրեցիները, առավոտյան ժամը 9-ից փակել էին համայնքապետարանի շենքի մուտքը եւ կողմերին չթողեցին ներս մտնել։

Բողոքի ցույցին մասնակցում էին «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները։ Aravot.am-ը զրուցել է Մեղրի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արմեն Հայրապետյանի հետ։

-Պարոն Հայրապետյան, ինչո՞ւ թույլ չտվեցիք , որ շահագրգիռ կողմերը ներկայացնեն հանքի շահագործման իրենց առաջարկը։

– Ժողովուրդը, մեղրեցիները թույլ չտվեցին, քանի որ հանքի շահագործումը քննարկման առարկա չի կարող դառնալ։ «Ապրելու երկիր»-ը նույնպես դեմ է հանքի շահագործմանը եւ կլինի մեր ժողովրդի հետ։

-Հանքի շահագործմամբ նոր աշխատատեղեր կբացվեն Մեղրի համայնքում, կմեղմվի սոցիալական լարվածությունը․․․

– Մեղրին առանձնանում է մնացած համայնքներից նրանով, որ զբաղվածության բարձր ցուցանիշ կա մեր համայնքում, իսկ մեղրեցիների 80%-ը բացի աշխատանքը, զբաղվում են նաեւ գյուղատնտեսությամբ: Իսկ հանքի բացումը բավականին բացասական ազդեցություն կարող է ունենալ գյուղատնտեսության վրա:

-ԶՊՄԿ-ն կարող է բազմաթիվ սոցիալական ծրագրեր իրականացնել համայնքում, փոխել մեղրեցիների առօրյան։ Համամիտ չե՞ք։

– Թերեւս չհամաձայնեմ այդ տեսակետին։ Հիմա էլ կարող են սոցիալական ծրագրեր իրականացնել, շնորհակալ կլինենք: Բայց եթե պիտի սոցիալական ծրագրերի իրականացումը պարտադիր լինի հանքի շահագործմամբ, կարծում եմ՝ ճիշտ չի ու նույնիսկ անհարմար է այդ հարթության վրա որեւէ քննարկում:

-Իսկ գուցե իրականացնո՞ւմ է ծրագրեր։ Արդեն ԶՊՄԿ-ն հուշագիր ունի կնքած Սյունիքի մարզպետարանի հետ, որ սոցիալական ծրագրեր պիտի իրականացվեն մարզի բոլոր համայնքներում, այլ ոչ միային ազդակիր համայնքներում։ Որպես ավագանու անդամ տեղյակ եք, որ որեւէ ծրագիր չեն անո՞ւմ համայնքում։

– Ես չասացի՝ ծրագրեր չեն անում, կարող են անել: Կրկնում եմ՝ ծրագրեր իրականացնելը երբեւէ չի կարող պարտադրել, որ Լիճքի հանքը պետք է շահագործվի։

-Կարծում եք, որ մյուս լսումները նույնպես ձախողվելո՞ւ են։ Որպես ավագանու անդամ ցանկություն չունե՞ք ծանոթանալու ԶՊՄԿ-ի կողմից առաջարկվող նախագծերի փաթեթներին։

-Չեմ կարծում, թե էլի լսումներ կհրավիրվեն, բայց եթե անգամ հրավիրվեն, գործողությունները կլինեն տվյալ ժամանակահատվածին համապատասխան: Եկեք ենթադրյալ երեւույթների մասին քննարկումներ չանենք, ժամանակը կգա՝ ամեն բան կերեւա։ Այս պահին արձանագրենք, որ Մեղրի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը դեմ է հանքի շահագործմանը:

Մեղրու համարյա ողջ շրջանը թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջրից օգտվում է Զվարագետի եւ Մեղրու գետի ջրային պաշարներից, իսկ նախատեսվող հանքը գտնվում է անմիջապես այդ երկու գետերի մեջտեղում։ Ես չեմ պատկերացնում մի այնպիսի լուծում, որ կկարողանա զրոյացնի այդ ռիսկերը, կամ գոնե նվազեցնի։ Բացի այդ, Լիճք գյուղը որպես զբոսաշրջության զարգացման ուղղություն՝ վերջին տարիներին սկսել է մեծ թափ ստանալ, ու եթե հանքը, Աստված չանի՝ շահագործվի, պարզից էլ պարզ է, որ տուրիզմի այդ էջը միանգամից պիտի փակվի։ Ահա հենց այս պատճառներով էլ դեմ ենք հանքի շահագործմանը։

 

Զրուցեց Արմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930