Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմումի ներկայացման ներպետական ամբողջ կառուցակարգը սահմանելու նպատակով Կառավարությունն առաջարկել է լրացում կատարել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում, ինչպես նաեւ Վարչական դատավարության, Քաղաքացիական դատավարության եւ Քրեական դատավարության օրենսգրքերում: Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 5-ի հերթական նիստում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պետության բարձրագույն դատական ատյաններին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ըստ փոխնախարարի՝ չնայած որ Հայաստանն այդ հնարավորությունից օգտվելու փորձառություն ունեցել է, այդուհանդերձ օրենսդրության մեջ համապատասխան ընթացակարգեր նախատեսված չեն: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենսդրական փաթեթով առաջարկվում է նախատեսել Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու ընթացակարգային կանոնները: Առաջարկվում է սահմանել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություններ կայացնելու հնարավորության, խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքին ներկայացվող պահանջներն ու փոխգործակցություն ապահովող անձի վերաբերյալ կարգավորումները:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ մինչեւ այսօր ՄԻԵԴ-ը երկու խորհրդատվական կարծիք է տրամադրել: Առաջինը՝ 2022 թվականի մայիսի 29-ին՝ Սահմանադրական դատարանի, մյուսը՝ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա: Անդրադառնալով ՄԻԵԴ դիմելու կարգին վերաբերող հարցին՝ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկությամբ, ըստ ներկայացված նախագծի, կարող է դիմել յուրաքանչյուր դատավոր, ինչի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը պետք է կայացնի որոշում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին:
Կարդացեք նաև
ԱԺ