Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչե Տերտերյան․ Ունենք համատիրություններ, որոնց բնակիչների մի մասը նույնիսկ տեղյակ չէ կամ պատկերացում էլ չունի համատիրության աշխատանքներից

Ապրիլ 05,2023 17:07

Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները կտեղադրեն իրենց ծանուցումները, իրազեկումներն ու հաշվետվությունները։ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ անելու» մասին նախագիծն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներ փոխնախարար Վաչե Տերտերյանի ներկայացմամբ՝ նախագծով սահմանված կարգավորմամբ բազմաբնակարան շենքերի սեփականատերերը հնարավորություն կունենան էլեկտրոնային հարթակի միջոցով տեղեկանալ քննարկվող հարցերին, մասնակցել նշված որոշումների ընդունմանը, ինչպես նաեւ ծանոթանալ հաշվետվություններին եւ դրանց համաձայն չլինելու դեպքում՝ կձեռնարկեն համապատասխան միջոցներ:

Նախագծի հեղինակների ներկայացմամբ՝ միասնական էլեկտրոնային հարթակի գործարկման դեպքում կառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողությունը կխստացվի, որն էլ դրական ազդեցություն կունենա կառավարման մարմինների գործունեության նկատմամբ, արդյունքում բազմաբնակարան շենքերի կառավարումն ավելի արդյունավետ կիրականացվի։

Այս էլեկտրոնային հարթակն, ըստ նախագծի, ստեղծում եւ վարում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը:

Տերտերյանի խոսքով՝ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների աշխատանքների արդյունավետությունը դեռ հեռու է բավարար լինելուց․«Այստեղ նաեւ դերակատարում ունի բնակիչների քաղաքացիական կեցվածքն ու պահանջատիրությունն իրենց իսկ ստեղծած համատիրություններից։ Սա ասում եմ, որովհետեւ ունենք համատիրություններ, որոնց բնակիչների մի մասը նույնիսկ տեղյակ չէ կամ պատկերացում էլ չունի համատիրության աշխատանքներից։ Համատիրությունների արդյունավետությունը պետք է բարձրանա, եւ այս դեպքում մարդիկ կտեսնեն աշխատանքները։ Համատիրության տիրապետած ֆինանսական միջոցները ոչ միշտ են բավարար մեր բնակելի ֆոնդի վրա երեւացող միջամտություններ անելու համար։ Մեր բնակիչներից շատերն իրենց համատիրությունների վերաբերյալ կոշտ գնահատական ունեն՝ ծախսերի ոչ թափանցիկություն, ոչ մեծ հաշվետվողականություն եւ այլն։ Օբյեկտիվորեն գումարները միշտ չէ, որ բավարար են, օրինակ՝ շենքերի մուտքերը, տանիքները վերանորոգելու համար։ Սրանք այլ ռեսուրսներ են պահանջում, քան բնակիչները կարող են իրենց վճարումներով գեներացնել։ Սա ինստիտուցիոնալ խնդիր է։ Մենք չենք բացառում, որ պետական միջամտություն պետք է ունենանք համատիրությունների կայացմանը։ Մոտավորապես հետեւյալ ձեւով՝ օգնենք համատիրություններին՝ անուղղակիորեն սեփականատերերին, շենքերն ինչ-որ տեխնիկական անհրաժեշտ մինիմում վիճակի բերելու, ապա դրանից հետո շահագործումն իրենց վրա թողնելու։ Այսպիսի ծրագրեր կան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930