Սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է, որպեսզի ներկայացնենք մեր փորձն ու հանրամատչելի դարձնենք թվային փոխակերպումը Հայաստանում:
«Սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է, որպեսզի ներկայացնենք մեր փորձն ու հանրամատչելի դարձնենք թվային փոխակերպումը Հայաստանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը (լուսանկարում)՝ Երևանում մեկնարկած «Բացահայտելով թվային ապագան» խորագրով առաջին Doing Digital Forum-ի ընթացքում:
«Ֆինանսական ծառայությունների մատուցումն ընդամենը բանկային ծառայությունների մի մասն է: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր հաճախորդների ամբողջ փորձը փոխակերպենք և դրանք համապատասխան ծառայություններ մատուցենք, այսինքն՝ սկսելով ֆինանսական ծառայությունների փոխակերպումից՝ մենք անցում ենք կատարում, որպեսզի հաճախորդն ամբողջությամբ զգա թվային ծառայությունների փոխակերպման փորձը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Բացահայտելով թվային ապագան» խորագրով Doing Digital Forum-ի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը: Ֆորումի գլխավոր խոսնակը աշխարհում տեխնոլոգիաների և ֆինանսական շուկաների ամենաազդեցիկ մասնագետներից ու ամենավաճառվող հեղինակներից մեկն է՝ Քրիս Սքիները:
Կարդացեք նաև
Doing Digital ֆորումի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի խոսքով՝ այս ֆորումի նպատակն է համախմբել էկոհամակարգը և Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես ինովացիոն և նորարար տեխնոլոգիաների, ինչպես նաև թվային տրանսֆորմացիայի հաբ։ «Մենք նախաձեռնեցինք այս ֆորումը, որովհետև հիմա ճիշտ ժամանակն է խոսել այն աշխատանքների ու փորձի մասին, որն ունեն ընկերությունները թվային տրանսֆորմացիայի ճանապարհին։
Նաև պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ կան և Հայաստան բերել միջազգային փորձը։ Ինչպես Քրիսը նշեց՝ թվային տրանսֆորմացիան ոչ թե տեխնոլոգիաների, այլ մարդկանց մասին է»,- նշեց նա՝ հավելելով, որ ֆորումն ամենամյա է լինելու, իսկ արդեն գործող պլատֆորմի շրջանակներում՝ ոլորտի մասնագետներ կհրավիրվեն ողջ տարվա ընթացքում:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ